Մատչելիության հղումներ

Թուրքիան մտահոգություն չունի «հակահայկական» երկաթուղին ֆինանսավորելու՝ ԱՄՆ-ի հնարավոր արգելքի կապակցությամբ


Չորեքշաբթի օրը Թուրքիան հայտարարել է, որ մտահոգված չէ Միացյալ Նահանգների կոնգրեսում քննարկվող որոշմամբ, որով կարող է արգելվել Հայաստանը շրջանցող Կարս - Ախալքալակ - Թբիլիսի - Բաքու երկաթուղու շինարարության ֆինանսավորումը ԱՄՆ-ի կողմից:

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների հանձնաժողովը անցած շաբաթ որոշել է չֆինանսավորել Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարությունը: Որոշումը ենթակա է նաեւ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի, ինչպես նաեւ Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի քննարկմանն ու հաստատմանը:

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Նամիկ Թանը «Ազատություն» ռադիոկայանին երեկ ասաց, որ հնարավոր արգելքները չեն կարող վտանգել ծրագրի իրականացումը: «Չեմ կարծում», - նշեց Թանը: - «Ես կարծում եմ, որ երեք երկրները ունեն բավարար միջոցներ: Ուստի ցանկացած պարագայում կկարողանանք ֆինանսավորել շինարարությունը»:

Նամիկ Թանը հավելեց, որ Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան ձգտում են «հնարավորինս շուտ» սկսել շինարարությունը:

Նմանօրինակ հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Ադրբեջանի տրանսպորտի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից Սահրեդին Մամեդովը: «Եթե ամերիկյան ընկերությունները չֆինանսավորեն նախագիծը, մենք ֆինանսավորման այլ աղբյուրներ կգտնենք», - Բաքվում լույս տեսնող «Էխո» թերթին ասել է Մամեդովը՝ հավելելով, թե Ադրբեջանն ունի «բավարար աղբյուրներ» շինարարություն մեծ մասը իրականացնելու համար:

Պաշտոնական Անկարան, մինչդեռ, ըստ թուրքական լրատվամիջոցների, ցանկանում է ավելի ճկուն մոտեցում ցուցաբերել այս հարցում: «Անադոլու» գործակալությունը մեջբերում է երկրի արտգործնախարար Աբդուլա Գյուլի խոսքերը, թե «Հայաստանը, եթե ցանկանում է, կարող է միանալ այս նախագծերին»:

Նամիկ Թանը հաստատեց, որ Աբդուլա Գյուլը բարձրացրել է այդ հարցը Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ընթացքում՝ հստակեցնելով, սակայն, որ Հայաստանի ներգրավումը տարածաշրջանային երկաթուղու ծրագրում պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով:

«Հարցն այն է, որ մենք պետք է Հայաստանին ներգրավենք նախագծում հիմնախնդրի [Լեռնային Ղարաբաղի] լուծումից հետո», - ասաց նա: - «Դա են քննարկել Ալիեւն ու Գյուլը»:

Ադրբեջանի առաջնորդը, ըստ Թանի, դրականորեն է արձագանքել Հայաստանի մասնակցության գաղափարին:

«Բայց կան որոշակի իրողություններ, որոնք չի կարելի անտեսել», - շարունակեց Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը: - «Կա հիմնախնդիր եւ այդ հիմնախնդիրը պետք է լուծվի: Հայաստանը պետք է որոշակի ջանքեր գործադրի եւ փորձի գտնել այն լուծելու ուղիներ»:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG