Մատչելիության հղումներ

ՀԲ-ի փորձագետները Հայաստանում տնտեսական աճի նվազում են կանխատեսում


«Առաջիկա տարիներին տնտեսական աճը Հայաստանում կնվազի՝ 2008 թվականին կազմելով 5,6 տոկոս», - օրերս հրապարակված՝ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների վերաբերյալ զեկույցում գնահատել են Համաշխարհային բանկի փորձագետները՝ հենվելով նավթի բարձր գների պահպանման, ինչպես նաեւ դրսից Հայաստան մտնող արտարժութային փոխանցումների հնարավոր կրճատման կանխատեսումների վրա։

Բանկի փորձագետները առաջիկա տարիների համար ԱՊՀ տարածաշրջանի երկրների տնտեսական աճի հարցում բավականին զուսպ կանխատեսումներ են արել։ Ըստ այդմ՝ տարածաշրջանի երկրների համախառն ներքին արդյունքն այս տարի կաճի 6,3, եկող տարի՝ 6,1, իսկ 2008 թվականին ընդամենը՝ 5,4 տոկոսով։

Այս թվերը առնվազն կրկնակի զիջում են Հայաստանում վերջին տարիներին գրանցված տնտեսական աճի ցուցանիշներին, որոնք, որպես կանոն, երկնիշ թվով են նկարագրվել. պաշտոնական տվյալների համաձայն անցյալ տարի Հայաստանի համախառն ներքին արդյունքն աճեց 14 տոկոսով, 2004 թվականին 10,5 տոկոսով: Դրան նախորդող 2 տարիներին եւս տնտեսական աճն այդ սահմաններում էր։

Հարկ է փաստել, որ այս տարվա առաջին կեսին էլ այս միտումը շարունակվում է. Ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակած ամփոփագրի համաձայն այս տարվա առաջին 5 ամիսներին երկրի համախառն ներքին արդյունքն աճել է 10,5 տոկոսով։ Տարեսկզբի համեմատ գների մակարդակն աճել է 5,6 տոկոսով։ Ընդ որում՝ տնտեսական աճի առյուծի բաժինը ձեռք է բերվել շինարարության հաշվին։ Այս ոլորտը հինգ ամսվա ընթացքում աճել է շուրջ 42 տոկոսով։

Սրան հակառակ շարունակում է անկում գրանցվել արդյունաբերության մեջ, սրա հետ կապված նվազել են նաեւ արտահանումները՝ մոտ 4,5 տոկոսով։

Կարելի է ենթադրել, որ հայկական դրամի ուժեղացումը ու դոլարի դիրքերի խարխլումը մեր շուկայում սկսել է լրջորեն ազդել ներդրումների եւ արտահանումների վրա, ինչը հաշվի առնելով է, հավանաբար, որ մեր տնտեսական ոլորտի պատասխանատուները տնտեսական աճի իրենց կանխատեսումներում ստիպված են հետեւել Համաշխարհային բանկի փորձագետների գնահատականներին։ Մասնավորապես, օրերս հրապարակված 2007-2009 թվականների Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում առաջիկա երեք տարիների տնտեսական աճը պլանավորված է 6 տոկոսի սահմաններում։

Ըստ Համաշխարհային բանկի գնահատականների, դիտարկվող տարածաշրջանում զարգացման առավել բարենպաստ տնտեսական ցուցանիշներ ունեն նավթ արդյունահանող-վաճառող երկրները՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Ռումինիան, որտեղ համեմատաբար բարձր տնտեսական աճի հիմնական ազդակը անցյալ տարվա ընթացքում նավթի համաշխարհային գների ավելի քան 40 տոկոսանոց թռիչքն էր։ Թերեւս, այս գործոնի հաշվին է, որ այդ երկրներից մի քանիսի՝ Ռուսաստանի, Բուլղարիայի, Ադրբեջանի եւ Ղազախստանի պետական բյուջեները հավելուրդային են։

Դիտարկված մոտ երկու տասնյակ երկրներից հինգում՝ այդ թվում եւ Հայաստանում, պետական բյուջեի դեֆիցիտը տեղավորվում է եվրոպական չափանիշի՝ այն է համախառն ներքին արդյունքի 3 տոկոսից ցածր մակարդակի շրջանակներում։ Հայաստանի դեֆիցիտի ցուցանիշը անցյալ տարվա արդյունքներով 1,7 տոկոս էր։

Համաշխարհային բանկի փորձագետները իրենց վերլուծություններում առանձնացրել են նաեւ ապագա տնտեսական աճի ռիսկերը, որոնց մեջ գլխավորը ազգային արժույթների չափից ավելի ամրապնդումն է։

«Արտաքին անբարենպաստ ցնցումների դեպքում արժեվորված ազգային արժույթները կտրուկ կարժեզրկվեն, ինչը լուրջ վտանգ է տնտեսական աճի համար», - եզրակացրել են փորձագետները։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG