Մատչելիության հղումներ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների՝ այսօր կայացած հերթական հանդիպմանը քննարկվել են ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ընթացքում, ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ փոքր ու միջին ձեռնարկատիրությունն «ակտիվորեն զարգանում է, ինչի մասին է վկայում եւ փաստը, որ համախառն ներքին արդյունքում դրա բաժինը կազմում է 40 տոկոս, իսկ արտահանման մեջ` 16 տոկոս»:

Հանդիպման մասնակիցները նշել են, որ ոլորտի զարգացումը նոր փուլ է մտել` ի դեմս փոքր եւ միջին ձեռնարկությունների թվի աճի եւ դրանց տեխնիկական վերազինման գործընթացի, սակայն դրանով հանդերձ` կան լուծման կարոտ որոշ խնդիրներ: Խոսվել է, մասնավորապես, փոքր եւ միջին ձեռնարկություններում ստուգումների հաճախականությունը նվազեցնելու, մարզերի ձեռնարկատերերին գործարար խորհրդատվություններով ապահովելու, միջին մասնագիտական կրթությամբ կադրերի պատրաստման անհրաժեշտության եւ օրենսդրական մի շարք թերացումների մասին:

Հանգամանորեն քննարկվել է երկարաժամկետ եւ ցածր տոկոսադրույքներով վարկերի ստացման եւ լիզինգային ծառայությունների ընդլայնման խնդիրը: Մարզերի ձեռնարկատերերն ասել են, որ իրենց համար դժվար է բավարարել վարկ ստանալու համար պահանջվող գրավադրման պայմանները, քանի որ մարզերում հողի եւ գույքի արժեքը զգալիորեն զիջում է մայրաքաղաքայինին:

Նախագահն ասել է, որ իրավիճակը մեղմելու համար այս տարի կմեծացվի վարկային երաշխիքների տրամադրման պետբյուջեով ֆինանսավորվող ծրագրի գումարը: Ռոբերտ Քոչարյանն ուրախալի է համարել փաստը, որ մեծացել է վարկային միջոցների հավակնող փոքր եւ միջին ձեռնարկատերերի թիվը:

Խոսվել է նաեւ արտարժույթի տատանումների մասին, ինչի վերաբերյալ նախագահն ասել է, որ դա ամբողջ աշխարհի գործարար շրջանակներին է առնչվում, եւ մեր ձեռնարկատերերը պարզապես պետք է աշխատեն պայմանագրեր կնքելիս հնարավորինս ապահովագրվել այդ իրողությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG