Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իշխանական ճամբարում ահավոր խուճապ է սկսվել», - բնորոշում է «Առավոտ» օրաթերթը: - «Մինչ անկասելիորեն մոտենում է ճակատագրական 2007-ը, ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե ինչ է տեղի ունենում հիմա ու, առավել եւս՝ ինչ է տեղի ունենալու մի քանի ամիս հետո: Ուստի՝ այդ ճամբարի առավել դիմազուրկ եւ բթամիտ, հետեւաբար եւ՝ առավել բազմաքանակ մասը՝ իշխանամետ տեսակի զանազան մանր ու միջին պատգամավորներ, գործարարներ, թաղային հեղինակություններ եւ անգամ՝ իշխող համարվող կուսակցություններ, իրավիճակի խորքն ընկալելու եւ համարժեք հակաքայլերի տենդագին փնտրտուքի մեջ են»:

«Հայկական ժամանակ»-ի հայացքով՝ «2007 թվականի ՀՀ խորհրդարանական ընտրությունները... մոտենում են ավարտին», - «Մեր տեղեկություններով, այդ ընտրությունները ընթանում են ՀՀ նախագահի նստավայրում, աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը հայտեր է ընդունում այն անձանցից, ովքեր մտադիր են որեւէ համամասնական ցուցակում տեղ զբաղեցնելով կամ մեծամասնական ընտրատարածքներում դառնալ պատգամավոր: Այս ցուցակները ճշտվում են անձամբ Ռոբերտ Քոչարյանի հետ, որը, որոշ դեպքերում համախոհների հետ խորհրդակցելով, նշանակումներ է անում այս կամ այն մեծամասնական ընտրատարածքում: Ինչ վերաբերում է ցուցակներին, եթե տվյալ թեկնածուն Քոչարյանի հաստատմանն է արժանանում, նրան ասում են` գնա եւ սպասիր. ընտրություններից որոշ ժամանակ անց քեզ կասենք, թե որ կուսակցության համամասնական ցուցակում ես ընդգրկվելու»:

«Հայոց Աշխարհ»-ն այսօր հակադարձում է «Հայկական ժամանակ»-ի երեկվա հրապարակմանը, ուր, անդրադառնալով ուրբաթ օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ կայացած ՀՀԿ, ՀՅԴ, ՄԱԿ խորհրդարանական խմբակցությունների եւ «Ժողպատգամավոր» պատգամավորական խմբի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, «Հայկական ժամանակ»-ը գրել էր. - «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը, որ վերը նշված ուժերին համարում է իր խորհրդարանական հենարանը, նրանց մեղադրել է իր նկատմամբ տածած անտարբերության մեջ։ Քոչարյանը ասել է, որ խորհրդարանում եւ ներքաղաքական տարբեր ամբիոններում կտրուկ ավելացել է իր դեմ ուղղված ելույթների թիվը, եւ իր քաղաքական գործընկեր համարվող ուժերից ոչ մեկը հարկ չի համարում իրեն պաշտպանել եւ համապատասխան բովանդակությամբ ելույթ ունենալ»։ «Հայոց Աշխարհ»-ն այսօր հերքում է. - «Նշված թեմային անդրադարձ է եղել ընդամենը մեկ նախադասությամբ, մեկ հարցով։ Նախագահը հարցրել է ներկաներին. արդյո՞ք խորհրդարանական մեծամասնությանը հարկավոր չէ արտահայտել սեփական տեսակետները հայտարարությունների ժամին, եւ նրանք այդ պատճառով էլ չեն օգտվում առկա հնարավորությունից եւ ամբողջովին զիջում ամբիոնը։ Ընդամենը այսքանը»։

«Քաղաքական պատասխանատվություն բոլոր ժամանակների համար» վերնագրի ներքո «Հայաստանի Հանրապետություն» թերթը ներկայացնում է Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահ Գուրգեն Արսենյանի երեկվա մամուլի ասուլիսը: ՄԱԿ-ի նախագահի խոսքերով, կուսակցությունն ընդդիմության բոյկոտի պայմաններում ոչ թե նրա տեղն է զբաղեցրել, այլ սպասարկել է հանրության շահը: Հիմա էլ նույնն է անում, բայց կոալիցիայի կազմում չէ: Լրագրողները պնդում էին հակառակը. - «Դուք կոալիցիայի ներկայացուցիչ եք»: «Ոչ», - հակադարձել է Արսենյանը: - «Ես Բաբկեն Արսենյանի եւ Վերգուշ Բոյախչյանի համատեղ սիրո ներկայացուցիչն եմ»:

«Գորիսի բնակիչները պնդում են, թե Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եղբոր որդին՝ մարդասպան Մայիս Խաչատրյանը, Գորիսի բերդում իր ազատազրկումը կրում է արտոնյալ պայմաններում, ասենք՝ գիշերը տուն է գնում եւ այլն: Սա բոլորովին էլ զարմանալի չի թվում Սուրեն Խաչատրյանի բարեկամների պարագայում, որոնց մարզում կատարած հանցագործությունները կազմում են մի մեծ ցուցակ», - փոխանցում է «Առավոտ»-ը:

«Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ, որքան էլ ռուս հասարակայնությունը դե յուրե չի աջակցում քսենոֆոբիայի դրսեւորումներին եւ հավանություն չի տալիս սքինհեդների գործողություններին, այնուհանդերձ հանրության գերակշիռ մեծամասնությունը ընդունելի է համարում, ավելին՝ աջակցում է «Ռուսաստանը՝ ռուսներին» մտայնությամբ առաջնորդվող շրջանակներին», - «Հայոց Աշխարհ»-ում ասում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ - «Ակնհայտ է, որ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է։ Անցել են այն ժամանակները, երբ ռուսական կողմնորոշումը մեզանում առհասարակ չէր վիճարկվում... Մեզանում ավելի ու ավելի շատ է խոսվում այլընտրանքների, զարգացման այլընտրանքային ուղղությունների եւ աշխարհաքաղաքական կողմնորոշումների մասին։ Եվ դա լավ է, անգամ այն պարագայում, եթե ինչ-որ մեկը փորձում է դրանից դիվիդենտներ շահել, որովհետեւ այլընտրանք չունենալն ինքնին թերզարգացածության նշան է»։

«Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի նախագիծը, ըստ «Հայկական ժամանակ»-ի, որը արդարադատության նախարարությունը ներկայացրել է հանրային քննարկման, ապացուցում է, որ «Հայաստանում ձեւավորվում է նոր հասարակարգ». - «Նոր հասարակարգը կարելի է բնորոշել այսպես` մի քանի հոգու կամքը վեր է ամեն ինչից եւ պաշտպանվում է օրենքով, բոլոր նրանք, ովքեր դեմ են մի քանի հոգու կամքին, կարող են անիծել իրենց ճակատագիրը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG