Մատչելիության հղումներ

Քենիայի ընդդիմությունը պահանջում է բացահայտել հայազգի եղբայրների կապերը իշխանությունների հետ


Քենիայի ընդդիմությունը երեկ պահանջել է պարզել, թե ի՞նչ կապեր ունեին երկրից արտաքսված հայազգի եղբայրներ Արթուր Մարգարյանը եւ Արթուր Սարգսյանը Քենիայի ղեկավարության հետ:

Քենիայի նախագահ Մվաի Քիբակին կարգադրել է հանձնաժողով ստեղծել եղբայրների գործունեությունը քննելու համար, սակայն ընդդիմությունը գտնում է, որ հանձնաժողովը անաչառ չէ եւ այդ հարցով պետք է զբաղվի խորհրդարանը:

«Հայերը ակնհայտորեն առնչվել են Քենիայի վերնախավի հետ, եւ հանձնաժողովի անկողմնակալությունը հարցականի տակ է», - ըստ «Ռոյթերզ»-ի, ասել է Քենիայի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Ուհուրու Քենյաթան:

Մարգարյանը եւ Սարգսյանը հայտնվեցին Քենիայի հանրության ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ մի քանի ամիս առաջ ընդդիմությունը մեղադրեց նրանց վարձկան լինելու մեջ: Տեղական մամուլը պնդում է, որ նրանք կապեր ունեին նախագահի երկրորդ կնոջ հետ: Քիբակին դա կտրականապես ժխտում է:

Քենյաթան պնդում է, թե փետրվարին հայազգի եղբայրներին տեսել են նախագահական նստավայր մտնելիս: «Իշխանությունները պետք է բացատրեն Քենիայի ժողովրդին, թե ինչպե՞ս են այս մարդիկ մտել նախագահական, ի՞նչ էին նրանք անում այնտեղ եւ ո՞ւմ են հանդիպել», - ասել է ընդդիմադիր գործիչը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG