Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը գտնում է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների վերջին երկու հանդիպումները Ռամբույեում եւ Բուխարեստում ցույց տվեցին, որ կողմերի դիրքորոշումները խնդրի կարգավորման առումով շատ հեռու են եւ առաջիկայում այդպես էլ լինելու է, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը «իմպերատիվ չէ եւ կենսական նշանակություն չունի միջազգային հանրության համար»:

«Մենք մեծ հետաքրքրություն առայժմ չենք ներկայացնում, որպեսզի բոլոր եռանախագահող երկրներն էլ շատ շահագրգռված լինեն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում պարզաբանեց նախկին արտգործնախարարը: - «Լեռնային Ղարաբաղի հարցի չկարգավորված լինելը այնպիսի մեծ մի խոչընդոտ չէ, Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային շահերից բխող մի այնպիսի խնդիր չէ, որ ամեն ինչ մի կողմ դնեն եւ միայն ու միայն զբաղվեն Ղարաբաղի հարցով: Նույնը կարելի է ասել Ֆրանսիայի եւ ի դեմս Ֆրանսիայի՝ Եվրամիության մասին: Իսկ Ռուսաստանը երբեւէ շահագրգռված չի եղել: Վերջին 200-300 տարիների ընթացքում Ռուսաստանը երբեք շահագրգռված չի եղել, որ փոքր այս տարածաշրջանի երկրները կամ ժողովուրդները միմյանց հետ հաշտ եւ համերաշխ ապրեն: Դա հակասում է ռուսական կայսերապաշտական նկրտումներին»:

Ալեքսանդր Արզումանյանը ասաց, որ դեռ մի քանի ամիս առաջ էր կանխատեսել Ղարաբաղյան կարգավորման միջազգային միջնորդությունն իրականացնող Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննի փոխարինումը: Մաննին ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզայով փոխարինելը, Արզումանյանի խոսքերով, լիովին բխում է բանակցային գործընթացի տրամաբանությունից, քանի որ «պարզ էր, որ առաջիկայում դժվար թե կողմերը առանցքային հարցերի շուրջ համաձայնության գան»: Իսկ սա գիտակցում են նաեւ համանախագահող երկրները եւ խնդրի կարգավորման շուրջ լավատեսական մթնոլորտը պահպանելու նպատակով ընդամենը փոփոխություններ են կատարում:

«Ինձ համար կանխատեսելի էր, որ եթե այդ լավատեսական հայտարարությունները արդյունքի չեն բերում, ապա դեմքը փրկելու ինչ-որ քայլեր պետք է արվեն», - ասաց նա: - «Սա [Մաննի փոխարինումը] ընդամենը քայլերից մեկն է. այդ շղթայում մեկ օղակ է: Այսինքն՝ նոր համանախագահի նշանակումը պրոցեսի երկարաձգման, վերանայման ուղիների փնտրման ինչ-որ միջոց է»:

1996-98 թվականներին Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաեւ պնդեց, որ Հայաստանի ներկայիս նախագահը որեւէ փաստաթուղթ չի ստորագրի: «Վերջին 8 տարիների ընթացքում որեւէ քայլ, որեւէ հայտարարություն, որեւէ արարք Քոչարյանի կողմից մեզ հիմք չի տալիս ենթադրելու, որ նա իրոք ցանկություն ունի հարցը կարգավորել», - փաստարկեց Արզումանյանը: - «Չի կարող լինել բանակցային որեւէ կարգավորում, որը լիովին բավարարի կողմերից մեկին: Այս պարագայում ցանկացած կոմպրոմիս կլինի վատ թե’ Հայաստանի եւ թե’ Ադրբեջանի համար: Եվ քանի որ փորձն էլ ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղը դա փայլուն խաղաքարտ է իշխանություն զավթելու համար, ապա ցանկացած նախագահ տասը անգամ կմտածի կոմպրոմիսային քայլ անելուց առաջ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG