Մատչելիության հղումներ

Այսօր երեկոյան Գարեգին Երկրորդը կժամանի Ստամբուլ


Երեքշաբթի երեկոյան Ստամբուլ է ժամանելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Ողջ պատմության ընթացքում կաթողիկոսական այս այցը թվով 12-րդն է:

Իսկ վերջին 50 տարվա ընթացքում Հայոց եկեղեցու առաջնորդները ընդամենը երեք անգամ են այցելել Թուրքիա: 1961 թվականին Վազգեն Առաջին կաթողիկոսն էր պաշտոնական այց կատարել Թուրքիա: Անկարայում նա հանդիպել էր Թուրքիայի ղեկավարության հետ եւ ծաղկեպսակ դրել Աթաթուրքի գերեզմանին:

Հաջորդ անգամ՝ 1996 թվականին, Գարեգին Առաջինն է այցելել Թուրքիա: Այդ այցը պաշտոնական չի եղել. Գարեգին Առաջինին ընդունել էր Թուրքիայի հայ համայնքը:

Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Գարեգին Երկրորդի ներկա այցը նույնպես ոչ պաշտոնական է, բայց, ի տարբերություն նախորդ կաթողիկոսական այցի, Գարեգին Երկրորդը հանդիպելու է Ստամբուլի նահանգապետին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելելու է նաեւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հայկական ներկայացուցչություն: Այցելության առաջին երկու օրերը Վեհափառ հայրապետը հյուրընկալվելու հունական պատրիարքության կողմից:

Ստամբուլում այսօր գործում են 38 հայկական եկեղեցի, 15 վարժարան, որտեղ սովորում են ավելի քան 3500 հայ երեխաներ: Հրատարակվում են երկու օրաթերթ եւ մեկ շաբաթաթերթ: Կան նաեւ այլ հարակից հրատարակություններ:

Թեեւ ստույգ հայ ազգաբնակչության թվաքանակի մասին պաշտոնական վիճակագրություն չկա, հայկական եկեղեցու եւ զանազան թուրք պաշտոնյաների հաշվարկներով, երկրում այսօր 70-80 ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացիներ են բնակվում:

Հայաստանի անկախացումից հետո Հայաստանից Թուրքիա են արտագաղթել տասնյակ հազարավոր հայեր: Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը իր վերջին ելույթներում մեկում հայտարարեց, թե Թուրքիայում շուրջ 40 հազար հայաստանցի կա: Սակայն, հայկական համայնքի ներկայացուցիչների կարծիքով, այդ թվերը չափազանցված են:

Ըստ Արա Գուչունյանի, Վեհափառ Հայրապետը Թուրքիայում մնալու է մեկ շաբաթ:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG