Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը, գրելով, թե ուրբաթ օրը Ռոբերտ Քոչարյանը ընդունել է Ազգային ժողովի ՀՀԿ, ՀՅԴ, ՄԱԿ խմբակցությունների եւ «Ժողպատգամավոր» խմբի ներկայացուցիչներին, փոխանցում է. - «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը, որ վերը նշված ուժերին համարում է իր խորհրդարանական հենարանը, նրանց մեղադրել է իր նկատմամբ տածած անտարբերության մեջ: Քոչարյանը ասել է, որ խորհրդարանում եւ ներքաղաքական տարբեր ամբիոններում կտրուկ ավելացել է իր դեմ ուղղված ելույթների թիվը, եւ իր քաղաքական գործընկերը համարվող ուժերից ոչ մեկը հարկ չի համարում իրեն պաշտպանել եւ համապատասխան բովանդակությամբ ելույթներ ունենալ»:

«Քոչարյանը որոշել է իր անձի ապագայի հարցը լուծել բոլոր մյուսների հաշվին: Նրան շատ քիչ է հետաքրքրում իր նախկին զինակիցների ճակատագիրը», - «Առավոտ»-ի հարցազրույցում պնդում է նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ շարունակելով. - «Քոչարյանի գործողություններում չի նկատվում իշխանությունն իր քաղաքական հենարանին՝ «Հանրապետական» կուսակցությանն ու Սերժ Սարգսյանին փոխանցելու ցանկություն: Քոչարյանը վստահորեն ծավալում է իր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ որեւէ մեկի հետ հաշվի չնստելով»: Արզումանյանը նաեւ գտնում է, թե «արդեն իսկ նկատվում է, այսպես կոչված, ազդեցիկ դեմքերի նյարդայնությունը». - «Սերժ Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը, Աղվան Հովսեփյանը սկսում են գիտակցել, որ իրենք տեղ չունեն քոչարյանական նախագծերում»: Թղթակցի հարցին՝ «Արթուր Բաղդասարյանի ընդդիմություն մտնելը ի՞նչ է տալիս ընդդիմությանը», նախկին արտգործնախարարը պատասխանում է. - «Արթուր Բաղդասարյանի ընդդիմություն գալը կարող է որոշ չափով վերակենդանացնել ընդդիմադիր շարժումը: Իշխանություններն իրենք իրենց գլխին պոտենցիալ վրիժառու են ստեղծել»:

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը վերջերս նամակով դիմել է մի շարք քաղաքական կուսակցությունների ղեկավարների՝ նրանց հրավիրելով հանդիպման: «Բայց այն, ըստ էության, չի կայացել», - հավելում է թերթը, - «քանի որ հրավիրված կուսակցությունների հիմնական մասը չի արձագանքել դրան: Հրավերը մերժածների թվում են եղել նաեւ ԱԺ նախկին նախագահ, ՕԵԿ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը եւ «Դաշինք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը»:

«Իմ իրավունք»-ը շաբաթաթերթը մատուցում է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի որակումը. - «Քրեական տարրեր են բոլոր նրանք, ովքեր գիտեն, որ գործարարը չի կարող լինել պետական, քաղաքական գործիչ, պատգամավոր կամ կառավարության անդամ, բայց շարունակում են մնալ գործարար, այսինքն՝ խախտում են Սահմանադրությունը»:

«Առավոտ»-ն ու «Իրավունք»-ը ներկայացնում են «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի բաց նամակը Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին: Նամակում Արամ Կարապետյանը մասնավորապես հարցնում է. - «Օրենքի ո՞ր հոդվածի եւ տառի հիման վրա եք Դուք հարուցել գործ եւ օպերատիվ հետաքննություն եք անցկացնում՝ ապացուցելու, որ ես այլ երկրի «լրտես» եմ։ Ի՞նչ տեղեկատվության հիման վրա է այդ հետաքննությունը վարվում։ Ունե՞ք, արդյոք, դատախազության եւ դատարանի համապատասխան թույլտվությունը՝ այդ հետաքննությունը վարելու համար... Ինչի՞ հիման վրա եք հարցումներ արել «Յունիստրում» բանկին՝ ճշտելու, թե ի՞նչ դրամական փոխանցումներ եմ ստանում ես եւ իմ մերձավորները Մոսկվայից... Ճի՞շտ է, արդյոք, որ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Հրաչյա Հարությունյանը 2006 թվականի մարտին ՀՀ նախագահի մոտ կայացած մի խորհրդակցության ժամանակ ներկայացրել է մի ծրագիր, ըստ որի՝ պետք է տրոհել ու քայքայել «Օրինաց երկիր» եւ «Նոր ժամանակներ» կուսակցությունները... Ներդրե՞լ եք, արդյոք, «Նոր ժամանակներ» կուսակցությունում հետեւյալ ծածկանուններով գործակալներին՝ «Դոկտոր», «Մուրադ», «Լեգենդ», «Ժուռնալիստ», «Աստղ», «Մկնիկ»»: Իսկ հետգրությունում Արամ Կարապետյանը խոստանում է. - «Պարոն Հակոբյան, սա Ձեզ ուղղված բաց նամակի մի մասն է միայն, որը շարունակություն ունի»։

«Նույնիսկ պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանի բնակչության մոտ 40 տոկոսը օտարերկրյա դրամական փոխանցումներ է ստանում, հետեւաբար՝ դրամի «ամրապնդումը» առաջին հերթին հարվածում է հենց նրանց գրպանին», - գրում է «Չորրորդ իշխանություն»-ը: - «Եվ ահա Հայաստանի իշխանությունները որոշել են բնակչության ձեռքից խլել կանխիկ դոլարը (մոտավոր հաշվարկներով՝ 2 – 2,5 լիլիարդ դոլար)»: «Կենտրոնական բանկի նախագահի «խորհրդով», ասեք, թող ձեր հարազատները ամերիկաներից ու ռուսաստաններից միայն դրամ ուղարկեն, դեռ էստեղից ստացված ավելցուկն էլ կարող եք հետ ուղարկել», - հեգնում է «168 ժամ»-ը:

«Նախօրեին Միլանի մերձակայքում գտնվող Լեկո առողջարանային քաղաքում ձերբակալվել է Իտալիայի արքայազն, Սավոյան արքայատան ղեկավար Վիկտոր Էմանուելը, որը, ի դեպ, ունի նաեւ Հայաստանի արքա տիտղոսը», - գրում է «Տարեգիր»-ը՝ պարզաբանելով. - «Բանն այն է, որ Լեւոն 6-րդի մահից հետո Հայաստանի արքա կոչումն անցել է Լուսինյանների հետ ազգակցական կապ ունեցող Սավոյան արքայատան ղեկավարին: Իսկ Հայաստանի 69-ամյա արքայազնը մեղադրվում է կոռուպցիայի, մեքենայությունների եւ կավատության մեջ»:

«Իմ իրավունքը» թերթում նկարագրված է. - «Այժմ արդեն հողին հավասարեցված Երիտասարդական պալատին հարող տարածքում ապրող շուրջ 40 ընտանիքից մնացել է 6-7-ը: Վաղուց հայտնի է, որ Երիտասարդական պալատը ձեռք է բերել «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը, որի ղեկավարը Էդիկ Ավետիսյանն է: Տարածքում ապրող մարդիկ խանգարում են կառուցապատման տարածքն ընդարձակելու ընկերության ծրագրերին: Մնում է նրանց վտարել, ինչպես ընդունված է մեր ժամանակների իրացման գոտի դարձած Երեւանում: Իսկ բնակիչներին իրենց տներից վտարելու համար «Ավանգարդ Մոթորս»-ի ղեկավարը ընտանիքի յուրաքանչյուր շնչին առաջարկում է 1 միլիոն դրամ (ավելի քան 2000 ԱՄՆ դոլար)... Հետաքրքիր է, եթե նույն վտարողին այդքան գումար տային, ինքը կարո՞ղ էր տուն գնել քաղաքում», - հարց է տալիս մեկնաբանը:

Անդրադառնալով այս շաբաթ մեկնարկող «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համազգային փառատոնին՝ «Առավոտ»-ի խմբագիրը մատուցում է. - «Ձեւափոխելով արդեն թեւավոր դարձած խոսքը, ամբողջ խնդիրն այն է, թե ումով եւ ինչպես հպարտանալ: Երբ, ենթադրենք, լենդեյլի «տաշի-տըմբլ» խումբը գալիս է Հայաստան եւ կողք կողքի պարում է, ասենք, Հրազդանի «տաշի-տըմբլ» խմբի հետ, ի՞նչ է դա ապացուցում: Մեր ազգային միասնությո՞ւնը: Վստահ չեմ: Դա, ավելի շուտ, ապացուցում է այն, որ թե՛ Գլենդեյլում, թե՛ Հրազդանում կան ռաբիսներ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG