Մատչելիության հղումներ

logo-print

Առաջին երիտասարդական թատերական փառատոնը՝ Երեւանում


«Մեզ հետաքրքրում է, թե ինչ ունենք այսօր, թե ովքեր են կերտելու մեր թատրոնի վաղվա օրը: Ես մեծ հույս ունեմ, որ այս մեկ շաբաթը մի նոր ալիք կբերի հայ թատրոն»,- համոզված է Թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանը:

Փառատոնի ընթացքում ներկայացվող երիտասարդ բեմադրիչների 12 բեմադրությունները դիպլոմային կամ ուսանողական աշխատանքներ չեն. դրանք ընգրկված են տվյալ բեմադրիչին ներկայացնող թատրոնի խաղացանկում: Կազմակերպիչների խոսքով՝ սա ոչ թե մրցույթ է, այլ ստուգատես:

«Սա նաեւ մի տեսակ շուկա պետք է լինի, որպեսզի մենք՝ թատրոնների գեղարվեստական ղեկավարներս, կարողանանք ընտրել լավագույն երիտասարդ բեմադրիչներին: Ես վստահ եմ, որ այս փառատոնը 2-3 անուն հաստատ կառանձնացնի»,- ասում է Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը եւ խոստանում, որ նոր սերնդի լավագույն ներկայացուցիչներին ավագ սերունդը չի անտեսի եւ ճանապարհ կտա:

Հունիսի 22-30-ը հայ հանդիսատեսին կներկայացվի օրական 2-4 ներկայացում, որոնցից հետո կլինեն բաց քննարկումներ բեմադրության, դերասանական խաղի ու վարպետության մասին: Կազմվել է հատուկ հանձնաժողով, որը բաց չի թողնելու ոչ մի ներկայացում եւ առանձնացնելու է լավագույններին: Փառատոնի հանդիսավոր փակման ժամանակ հանձնաժողովի անդամները կոնկրետ անուններ կնշեն եւ կպարգեւատրեն մասնակիցներին հուշանվերներով:

Մշակույթի նախարարությունը եւ քաղաքապետարանը երեւանյան այս փառատոնի կազմակերպման համար հատկացրել են 2,5 միլիոն դրամ:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG