Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգներում սպանություն կատարելու մեջ մեղադրվող Խանզադյանը կդատվի Հայաստանում


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Միացյալ Նահանգների կոնգրեսի անդամ Ադամ Շիֆի՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հասցեագրված հունիսի 13-ի նամակը ստացվել է եւ կփոխանցվի Հայաստանի գլխավոր դատախազությանը:

2005 թվականի սեպտեմբերին Գլենդեյլում Միացյալ Նահանգների քաղաքացի Օդեթ Ծատուրյանի սպանության առնչությամբ քննությունն իրականացրել է Հայաստանի գլխավոր դատախազությունը, որտեղից, ի պատասխան կոնգրեսական Շիֆի՝ Հայաստանի նախագահին հղած նամակում շարադրված խնդրանքի (ինչո՞ւ է Միացյալ Նահանգներում կատարված սպանության գործի քննությունն ու դատավարությունը կատարվում Հայաստանում, եւ հնարավո՞ր է սպանությունը կատարած անձին՝ Արթուր Խանզադյանին տեղափոխել Միացյալ Նահանգներ՝ պատիժը ստանալու եւ կրելու), պարզաբանեցին, որ Խանզադյանը ՀՀ քաղաքացի է, իսկ երկրի Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն, այլ երկրում հանցագործություն կատարած ՀՀ քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը՝ բացառությամբ Հայաստանում վավերացված միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:

Գլխավոր դատախազության քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ Բագրատ Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին պարզաբանեց, որ «այդպիսի պայմանագիր Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ գոյություն չունի». - «Այդ դեպքերում Սահմանադրության, Քրեական դատավարության եւ ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հիման վրա գործերի նախաքննությունը կատարվում է Հայաստանի Հանրապետությունում՝ գործող օրենքներով»:

Սա նշանակում է, որ Հայաստանի իրավապահ մարմինները իրավունք չունեն Արթուր Խանզադյանին հանձնել Միացյալ Նահանգների իրավապահ մարմիններին, թեեւ կոնգրեսական Ադամ Շիֆը նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակում գրում է, որ Միացյալ Նահագների պետդեպարտամենտը, արդարադատության նախարարությունը եւ Գլենդեյլի ոստիկանությունը համոզված են, որ արդար դատաքննություն իրականացնելու համար ավելի նպատակահարմար է Խանզադյանին Կալիֆորնիա տեղափոխելը:

Բագրատ Պետրոսյանի փոխանցմամբ՝ Խանզադյանին հայտնաբերելուց անմիջապես հետո՝ անցյալ տարի դեկտեմբերի 2-ին, կալանավորել են: Խանզադյանն իրեն մեղավոր է ճանաչել եւ խոստովանական ցուցմունք է տվել: Նա կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության հատկանիշներով:

«Տվյալ հանցագործության համար նախատեսվում է ազատազրկում 6-12 տարի ժամանակով, որը (այդ հանցագործությունը) մեր քրեական օրենսգրքով համարվում է ծանրագույն հոդված», - ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ գլխավոր դատախազությունը դեսպանատան միջոցով միջնորդությամբ դիմել է Միացյալ Նահանգների իրավապահ մարմիններին՝ տեղում քննչական որոշ գործողություններ, մասնավորապես՝ վկաների հարցաքննություններ կատարելու, ինչպես նաեւ իրեղեն ապացույցներն ուղարկելու խնդրանքով: Միջնորդությունը, նրա խոսքերով, կատարվել է մասնակիորեն:

«Մոտ 5-6 ամիս անց մեզ ուղարկել են միայն դեպքի վայրի զննության համապատասխան քննչական գործողությունների վերաբերյալ ԱՄՆ-ի իրավապահ մարմինների զեկուցագրերը, հայտնաբերված իրեղեն ապացույցների լուսանկարները եւ Օդեթ Ծատուրյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Հարցաքննություններ հիմնականում չեն կատարվել եւ չեն ուղարկվել մեզ»:

Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի երեք գործակալներ են եկել Հայաստան, կալանավայրում հարցաքննել են Արթուր Խանզադյանին, վերջինս էլ «մոլորեցրել եւ սխալ ցուցմունք է տվել»՝ սպանության մեղքը բարդելով անհայտ մեքսիկացիների վրա: Ըստ գլխավոր դատախազության քննչի՝ իրենց է հաջողվել խոստովանական ցուցմունք ստանալ:

Այդ դեպքում, ինչո՞ւ են Օդեթ Ծատուրյանի հարազատները, կոնգրեսական Ադամ Շիֆն ու Միացյալ Նահանգների իրավապահ մարմինները կասկածում, որ Հայաստանում արդար դատաքննություն կիրականացվի. արդյո՞ք Միացյալ Նահանգների քրեական օրենսդրությունը նման հանցագործությունների համար ավելի խիստ պատիժ է նախատեսում:

«Սյո: ԱՄՆ-ի օրենքներով, ըստ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալների, տվյալ հանցանքի համար իրենց մոտ կարող է նախատեսվել ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում», - պարզաբանեց Պետրոսյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ի վերջո Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ երկրի իրավապահ մարմինները հարգեն կոնգրեսական Ադամ Շիֆի միջնորդությունը եւ Խանզադյանին հանձնեն ամերիկացիներին, Բագրատ Պետրոսյանը պատասխանեց, որ օրենքի շրջանակներում դա հնարավոր չէ. - «Միայն կարող եմ ասել, որ դա կարող է լինել բարի կամքի դրսեւորում»:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում Արթուր Խանզադյանի նկատմամբ դատավարությունը կսկսվի հունիսի 22-ին:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG