Մատչելիության հղումներ

Այսօր նշվում է փախստականների միջազգային օրը


Այսօր փախստականների միջազգային օրն է: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետի տեղակալ Դավիթ Հակոբյանը, միգրացիոն հոսքերի, բնակչության տեղաշարժերի արդյունքում նվազել է Հայաստանում փախստականների թիվը, որն այժմ կազմում է շուրջ 260 հազար: Սակայն թվի նվազումը չի հանգեցրել նրանց հիմնախնդիրների լուծմանը:

«Փախստականների հիմնական խնդիրներն են՝ զբաղվածությունը, բնակարանային հարցը եւ հասարակությունում ինտերգրվելը, տարբեր հասարակական ծառայություններից փախստականների օգտվելու մատչելիության ապահովումը», - նշեց Դավիթ Հակոբյանը:

Փախստական ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներով եւ միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ մինչ օրս շուրջ 5000 բնակարան եւ քոթեջ է կառուցվել: Իսկ նախորդ տարվանից Հայաստանում սկսվել է փախստականների բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագիրը, որից օգտվում են այն ընտանիքները, որոնք տեղավորվել են ժամանակավոր կացարաններում:

Փախստականների շրջանում մտահոգություն կար, թե ստանալով Հայաստանի քաղաքացիություն, նրանք կզրկվեն որոշակի արտոնություններից, սակայն պատկան մարմինները հակառակն են վստահեցնում եւ նշում, որ այսօր քաղաքացիություն է ընդունել շուրջ 80 հազար փախստական: Դավիթ Հակոբյանի կարծիքով, այդ թիվը կավելանա, եթե լուծվեն բնակարանային խնդիրները:

Անցած տարվա ընթացքում հայերը ժամանակավոր կացարան ու փախստականի կարգավիճակ ամենից շատ խնդրել են Միացյալ Նահանգներում եւ Ֆրանսիայում: Ֆրանսիայում 2005 թվականին ավելի քան 1000 հայեր օրինական կարգավիճակ են ստացել, մինչդեռ Շվեյցարիայի իշխանություններին ներկայացված ավելի քան 200 դիմումներից ոչ մեկը դրական ընթացք չի ստացել:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնաժողովի վերջին զեկույցի համաձայն, 2005 թվականին Ավստրիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում եւ Նորվեգիայում օրինական կարգավիճակ է ստացել մոտ 1800 հայաստանցի, 2500-ից ավելի հայեր շարունակում են պատասխանի սպասել Ֆրանսիայում, մոտ 1500-ը՝ Միացյալ Նահանգներում:

Ընդհանուր առմամբ, այսօր աշխարհում հայ փախստականների թիվը հասնում է մոտ 14 հազարի, ժամանակավոր կացարան ունեցողներինը անցնում է 4 հազարից: Միեւնույն ժամանակ, արձանագրվում է, որ ազգությամբ հայ փախստականներից եւ ոչ մեկը անցյալ տարի Հայաստան չի վերադարձել:


Հեղինե Բունիաթյան, Պրահա եւ Հովհաննես Շողիկյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG