Մատչելիության հղումներ

Կոնգրեսականները հորդորում են ճնշում բանեցնել Թուրքիայի նկատմամբ


ԱՄՆ-ի Կոնգրեսի շուրջ երկու տասնյակ անդամներ նամակ են հղել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյին՝ հորդորելով Եվրամիությանը ճնշումներ բանեցնել Թուրքիայի վրա, որպեսզի պաշտոնական Անկարան՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը եւ վերջ տալով Հայաստանի շրջափակմանը, կատարի Եվրամիությանը անդամակցելու համար անհրաժեշտ պայմանները: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը:

«Ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների պաշտպանության եւ փոքրամասնություններին հարգելու եւ պաշտպանելու գործում Թուրքիայի իրականացրած քայլերը դեռեւս շատ անբավարար են», - ասված է կոնգրեսական Քերոլին Մալոնիի նախաձեռնությամբ պատրաստված նամակում:

Նամակում նաեւ նշվում է, որ «Թուրքիան վստահություն ձեռք բերելու նպատակով բարեփոխումներ պետք է իրականացնի մի շարք բնագավառներում: Դրանցից ամենակարեւորն են Հայաստանի դիվանագիտական ճանաչումը եւ շրջափակման վերացումը, որոնք Հարավային Կովկասում անվտանգության հաստատմանը եւ տարածաշրջանային զարգացմանը խոչընդոտող գլխավոր խնդիրներն են»:

«Վճռական նշանակություն ունի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ժամանակն է, որ Թուրքիան բավարարի Եվրամիությանը անդամակցելու չափանիշներին», - ասել է Քերոլին Մալոնին՝ հույս հայտնելով, որ Եվրամիությունը Թուրքիայի հետ բանակցությունների ընթացքում հստակ կերպով կներկայացնի Հայաստանը ապաշրջափակելու եւ Հայոց ցեղասպանությունը մերժելու պաշտոնական քաղաքականությանը վերջ տալու մասին ուղերձ:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG