Մատչելիության հղումներ

logo-print
Եռօրյա այցով Երեւան է ժամանել մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին: Նա արդեն հանդիպել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ:

Հայաստանի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, կարեւորելով լրատվության ազատությունը, Ռոբերտ Քոչարյանը ասել է, որ ազատ մամուլը վճռորոշ առաքելություն ունի հասարակական վերահսկողություն իրականացնելու եւ երկրի իրական վիճակը ներկայացնելու առումով: Միաժամանակ, ըստ Ռոբերտ Քոչարյանի, մամուլի ազատությունը «պետք է կարգավորվի այնպես, որ հստակորեն պաշտպանվեն անձի իրավունքները»:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյանի մամուլի եւ հանրային կապերի պատասխանատու Գոհար Ավագյանը, Հարաշտին մտադիր է հանդիպել նաեւ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ղեկավարների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ հայաստանցի այլ պաշտոնյաների հետ:

«Ա1+» հեռուստակայանի փակվելուց հետո Հայաստանը, որ առաջ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից համարվում էր մասնակիորեն ազատ մամուլ ունեցող երկիր, արդեն երեք տարի շարունակ դասվում է ոչ ազատ մամուլ ունեցող երկրների թվին:

Միջազգային կազմակերպությունները բազմիցս նշել են, որ հայաստանյան բոլոր հեռուստակայանները վերահսկվում են նախագահի աշխատակազմի կողմից: Համեմատաբար անկախ են թերթերը, որոնց տպաքանակը, սակայն, ցափազանց փոքր է:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG