Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Անհրաժեշտ է բարեփոխել ՄԱԿ-ի որոշումների կատարման մեխանիզմները»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ ՄԱԿ-ը ընդունել է 4 բանաձեւ, որոնք այսօր չեն կատարվում:

«Ներկայումս ՄԱԿ-ը չունի արդյունավետ մեխանիզմներ՝ սեփական որոշումները ի կատար ածելու համար: Այժմ խոսվում է ՄԱԿ-ի բարեփոխումների մասին, եւ ես գտնում եմ, որ առաջինը պետք է բարեփոխվեն որոշումների կատարման մեխանիզմները», - ըստ «Թրենդ» գործակալության, Բաքվում Իսլամական համաժողովի կազմակերպության արտգործնարարների 33-րդ նիստի բացման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

«Ներկայումս Ադրբեջանը մտադիր է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով, սակայն մյուս բոլոր տարբերակները նույնպես պետք է սեղանին լինեն», - ասել է Իլհամ Ալիեւը:

Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը լրագրողներին հայտնել է, որ նիստի մասնակիցները «հատուկ ուշադրություն են դարձրել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների մի մասի օկուպացիայի խնդրին»:

«Յուրաքանչյուր ելույթ ունեցող հրապարակավ պաշտպանել է Ադրբեջանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում: Ես նույնպես հատուկ շեշտել եմ հակամարտության արդարացի լուծման եւ օկուպացված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու անհրաժեշտությունը», - ասել է Գյուլը՝ հավելելով, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ պատրաստվել է լուրջ փաստաթուղթ, որը համաձայնեցվել է Իսլամական համաժողովի կազմակերպության փորձագետների մակարդակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG