Մատչելիության հղումներ

Որքանո՞վ են երիտասարդները ծանոթ երկրի օրենքների օրենքին: Երբ «Մաքս Լիբերթին» այս հարցով դիմեց մի երիտասարդի՝ Գեւորգին, նա սկսեց ոգեւորված ներկայացնել Սահմանադրությունը: Ինչպես պարզվեց, մեր զրուցակիցը իրավաբանական ֆակուլտետում է սովորում, ուստի եւ քաջատեղյակ է մայր օրենքին: Սակայն օրենքների եւ օրինականության ապագա պաշտպանը դժգոհեց, որ իր հասակակիցները կա'մ ընդհանրապես ծանոթ չեն Սահմանադրությանը, կա'մ էլ շատ քիչ բան գիտեն:

Հայարփին ի տարբերություն Գեւորգի, իրավական ոլորտի հետ առնչություն չունի, բայց Սահմանադրությունը անգիր գիտի: Ասում է, թե պատճառն այն է, որ անհրաժեշտ է սեփական իրավունքներն ու պարտականություններն իմանալ՝ հարկ եղած դեպքում պաշտպանվելու համար. - «Քանի որ ես ապրում եմ Հայաստանի նման օրինազանց, անօրեն երկրում, ուզում եմ իմանալ իմ իրավունքները, որպեսզի եթե փորձեն իմ իրավունքները խախտել կամ ինձ շահագործել, հասկացնեմ նրանց, որ պաշտպանված եմ»:

Սահմանադրությանը ծանոթանալուն մեծապես օգնեց նոյեմբերի 27-֊ին անցկացված հանրաքվեն: Փոփոխված Սահմանադրության նմուշները տարածվել էին ամենուր, ու դա լավ առիթ է եղել փաստաթղթին ծանոթանալու համար:

«Մաքս Լիբերթիի» հարցումները ցույց տվեցին, որ հայաստանցի երիտասարդները այնքան էլ հետաքրքրված չեն օրենսդրական դաշտով ու օրենքներով, մինչդեռ իրավական ու ժողովրդավարական պետության կարեւոր հիմնաքարն էլ այն է, որ երկրի քաղաքացիները իմանան ու կիրառեն երկրի օրենքները:


Կարինե Հունանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG