Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ուժերը՝ Ռուսաստանում հայերի դեմ բռնությունների մասին


Ռուսաստանում հայերի դեմ ծայր առած բռնությունների հետ կապված խորհրդարանական լսումներ կամ Ազգային Ժողովի ուժերի համատեղ հայտարարություն առաջիկայում չի լինելու: Չնայած գարնանային նստաշրջանի վերջին ճեպազրույցները ցույց տվեցին, որ սա այն սակավադեպ հարցերից է, երբ պատգամավորների տեսակետները, անկախ քաղաքական դաշտում գրաված դիրքից, շատ էլ չեն առճակատվում:

Դաշնակցություն խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանի համար ակնհայտ է, որ «այն, ինչ կատարվում է Ռուսաստանում, Ռուսաստանի պետական շահերի եւ պետական քաղաքականության հետ որեւէ աղերս չունի»:

«Հենց իրենք էլ են դատապարտել», - ավելացրեց նա: - «Վերջին իրադարձությունը տարբերվում է նախորդներից, որ ձերբակալված կոնկրետ անձինք կան: Ուշի-ուշով հետեւում ենք ընթացքին: Դրանից հետո կտանք մեր եզրակացությունները»:

«Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը փոխանցեց, որ կուսակցությունը խորապես մտահոգված է այդ «բարբարոսական դեպքերով»:

Սպանություններն ու բռնությունները «դատապարտելի» որակեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ շարունակելով. - «Բայց ինքը Ռուսաստանը, կարծես թե, այդ առումով շատ մեծ խնդիրներ ունի, որովհետեւ ուղղվածությունը ոչ միայն հայերի դեմ է, այլ ընդհանրապես այլազգիների դեմ է»:

«Արդարություն» դաշինքի եւ խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը ասաց. - «Այս վիճակը հանդուրժել չի կարելի: Մենք պետք է հարց բարձրացնենք, որպեսզի Ռուսաստանի իշխանությունները համապատասխան քայլեր ձեռնարկեն, որպեսզի նման բաներ չկրկնվեն»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG