Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Եթե վաղը Հայաստանի նախագահը հայտարարի, որ մենք ՆԱՏՕ֊-ին անդամակցելու ծրագիր ունենք, ապա մյուս օրը Ռուսաստանը նման հանդգնության համար մեզնից վրեժ կլուծի եւ բարոյական ու ռազմական առումով կխրախուսի Ադրբեջանի հարձակումը Ղարաբաղի վրա», - գրում է «Առավոտ»-ը: - «Այս պահին, կարծես թե, ոչ մի երաշխիք չկա, որ Արեւմուտքը մեզ բավականաչափ ռեսուրսներ կտրամադրի այդ երկու՝ տնտեսական եւ ռազմական վտանգներին դիմագրավելու համար: Նպատակը, կարծես թե, պետք է լինի այդ երաշխիքների ստեղծումը՝ հանդարտ, զուսպ, առանց կտրուկ հայտարարությունների, առանց Սահակաշվիլու ոճի «աքլորությունների»: Ցավոք, մեր իշխանությունը գնում է ճիշտ հակառակ ուղղությամբ՝ ավելի խորացնելով Ռուսաստանից մեր կախվածությունը: Մեզ ոչ ոք չի «խեղդում»՝ ստիպելով ինտեգրվել Եվրոպային: Դա պետք է մեզ, մեր ժողովրդին: Բայց Ռուսաստանից ապահով եւ անցնցում «կտրվելու» երաշխիքը Ղարաբաղի հարցի լուծումն է եւ ժողովրդավարությունը: Այ, այդ երկուսը հաստատ մեր իշխանություններին պետք չեն»:

Բեռլինի «Ազատ համալսարանի» սոցիոլոգիայի ինստիտուտի փորձագետ Թեսսա Հոֆմանը «Հայոց աշխարհ»-ին տված հարցազրույցում ասում է. - «Ղարաբաղյան հակամարտությունը աբխազական եւ հարավօսական կոնֆլիկտներից փոքր-֊ինչ տարբեր է՝ այս պարագայում չկա «հովանավոր» գերտերություն, որն անվերապահորեն աջակցում է Ղարաբաղին, ինչպես Ռուսաստանը՝ Աբխազիային եւ Հարավային Օսիային: Ճիշտ է, այս դեպքում կա Հայաստանի գործոնը, բայց Հայաստանը, բնականաբար, Ռուսաստան չէ: Ինչը, ի դեպ, ունի իր առավելությունները, որովհետեւ Հայաստանը, Ղարաբաղը եւ Ադրբեջանը, ցանկության դեպքում, կարող են ինքնուրույն կարգավորել խնդիրը, քանի որ այս դեպքում չկա այն դոմինանտ ուժը՝ հեգեմոն պետությունը, որն անմիջականորեն շահագրգիռ է այդ հարցում եւ իր դիրքորոշումն է թելադրում կողմերին»:

«Վթարի ենթարկված «A-320» հայկական ինքնաթիռի «սեւ արկղերի» վերծանումից պարզվել է, որ դիսպետչերից վերջին հրահանգը ստանալուն պես հայկական օդանավի հրամանատարը ռուսերեն եւ հայերեն հայհոյել է այդ նույն դիսպետչերին», - փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը: - «Նա հասկացել է, որ իրենց վարի են տալիս:

Նույն թերթը հարց է ուղղել «Օրինաց երկիր»֊-ին հատկացված քաղաքաշինության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արա Հարությունյանին, որը դուրս է եկել կուսակցությունից. - «2000-֊ին, երբ «Օրինաց երկիր»֊-ը ընդդիմություն էր, դուք եւս դեմ գնացիք խմբակցության որոշմանը եւ կողմ քվեարկեցիք էլեկտրացանցերի սեփականաշնորհմանը: Այժմ «Օրինաց երկիր»֊-ում ասում են, որ եթե այն ժամանակ ձեզ վտարեին կուսակցությունից, դուք իրենց երկրորդ անգամ չէիք դավաճանի»: Նախարարը պատասխանում է. - «Ես բացարձակ չեմ ընդունում «դավաճանություն» տերմինը, որը վերջին ժամանակներս կպցնում են «Օրինաց երկիր»-֊ից դուրս եկածներին: Ինչի՞ն ենք մենք դավաճանել: Մենք եկեղեցու առաջ երդում չէինք տվել, որ կուսակցությունից դուրս չենք գալու, որ հիմա էլ քայլը համարվի դավաճանություն»:

ՀՀՇ (Հայոց համազգային շարժում) վարչության անդամ Արամ Մանուկյանը «Իրավունք»-ին տված հարցազրույցում ասում է. «Ազգային ժողովի նախկին խոսնակը, մի քանի տարի լինելով հանրապետության երկրորդ դեմքը, վստահ եմ ու համոզված, որ գիտեր, թե ովքեր են իշխանություններից վճարվող ընդդիմադիրները: Այսօրվա որոշ ընդդիմադիրների վեճը Բաղդասարյանի հետ, կարծում եմ, այն պատճառով է, որ այդ ընդդիմադիրները գիտեն, որ նա գիտի, որ իրենք վճարովի են: Ու ես շատ հետեւողականորեն պետք է հետեւեմ, Արթուրը, որկը հիանալի գիտե, թե ովքեր են գրպանայինները, արդյոք շփումներ կունենա՞ արհեստական այդ ընդդիմության հետ: Հետագայում մեր տեսականորեն համագործակցելու կամ չհամագործակցելու խնդիրը պայմանավորված կլինի հենց այդ դիրքորոշմամբ»:

«Իմ իրավունքը» թերթը առաջին էջում զետեղել է խորհրդարանի հավաքարարի լուսանկարը եւ նրա ենթադրյալ մենախոսությունը. - «Չէ, էսպես էլ չի լինի: Ախր ամբողջ օրը սրանց հետեւից մաքրում ես, մաքրում, ու ի՞նչ: Ամիսը հազիվ 27 հազար 320 դրամ աշխատավարձ են տալիս: Կենտրոնական բանկում հավաքարարը ամիսը 59 հազար 800 դրամ է ստանում: Այ, գործ եմ ասել: Չէ, հերիք է: Գնում եմ անգլերեն սովորեմ, կամպյուտր սովորեմ ու դիմում գրեմ, որ Կենտրոնական բանկ ընդունեն: Ու դա պետք է շուտ անել, քանի դեպուտատները առաջ չեն ընկել»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG