Մատչելիության հղումներ

Համանախագահները կհանդիպեն Վիեննայում


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են հանդիպել հունիսի 22-ին Վիեննայում: Այդ մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել են Ռուսաստանի արտգործնախարարության Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվող խմբում:

Համանախագահների հանդիպումը կայանալու է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի շրջանակներում:

Վիեննայում հաստատվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նոր համանախագահ Մեթյու Բրայզայի թեկնածությունը, ով կփոխարինի այդ պաշտոնը 2004 թվականի ապրիլից զբաղեցրած Սթիվեն Մաննին:

Մեթյու Բրայզան աշխատում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտում 1988 թվականից: Անցյալ տարվա օգոստոսից նշանակվել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի օգնական՝ ղեկավարելով Հարավային Կովկասի «սառեցված հակամարտությունների» կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը, ինչպես նաեւ համակարգելով Միացյալ Նահանգների էներգետիկ քաղաքականությունը Սեւ ու Կասպից ծովերի ավազաններում:

«Վիեննայում հաստատվելուց հետո նա ամբողջությամբ կներգրավվի գործընթացում: Նա, հավանաբար, այցելություն կկատարի տարածաշրջան՝ ծանոթանալու հիմնական դերակատարների հետ», - չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG