Մատչելիության հղումներ

Դոլարի փոխարժեքի անկումը կարող է հայաստանյան արտադրողներին ստիպել արտադրությունը տեղափոխել արտասահման


Թեեւ արտարժույթի շուկայում վերջին շաբաթների ցնցումներից հետո դրամի փոխարժեքը, կարծես թե, որոշ չափով կայունացել է, սակայն, տնտեսավարողները մտահոգություններ ունեն, թե ներմուծողների շահերից բխող այս քաղաքանությունը կարող է վերջնականապես կործանել իրենց բիզնեսը։

Այսօր արդեն ամերիկյան արժույթը Երեւանի փոխանակման կետերը գնում են 418, իսկ տեղ-տեղ՝ նաեւ 420 դրամով։ Ինչ վերաբերում է արտարաժույթի վաճառքին, ապա փոխանակման կետերը «կանաչ» արժույթն սկսել են վաճառել առանց սահմանափակումների, ի տարբերություն նախորդ ամսվա, երբ փոխանակման կետերը միշտ չէ, որ սովորական հաճախորդների դրամի դիմաց զգալիորեն էժանացած դոլար էին վաճառում՝ ըստ երեւույթին, գերադասելով շուկայից հավաքած էժան դոլարները վաճառել մեծածախ գնորդներին։

Կարելի է ենթադրել, որ արտարժույթի շուկայի վերջին ցնցումը մի քանի խոշոր գործարարների կամ բանկերի կազմակերպած մեծ խաղ էր, որի նպատակը կլորիկ գերշահույթ կորզելն էր՝ իհարկե, Կենտրոնական բանկի թողտվության կամ չմիջամտելու պայմաններում, ինչը, այլ կերպ լողացող կուրսի քաղաքականություն է կոչվում։

Որոշ տեղեկություններով, վերջին շրջանում դոլարի կտրուկ արժեզրկումը հարուցել են հայաստանյան մեկ-երկու խոշոր արտահանողներ՝ արտարժույթի շուկա նետելով դոլարի սովորականից շատ ավելի մեծ խմբաքանակներ՝ հավանաբար, նյարդայնանալով կամա թե ակամա խոշոր ներմուծողների դաշտում խաղացող Կենտրոնական բանկի քաղաքականությունից ու այդկերպ փորձելով ինչ-որ ձեւով փոխհատուցել իրենց կրած վնասները։

Արտարժույթի շուկայում այս իրավիճակը շարունակվելու դեպքում տնտեսավարողներից ոմանք նույնիսկ ծրագրում են փակել իրենց գործը Հայաստանում, կապիտալն արտահանել այլ երկրներ, այնտեղ արտադրել ու արտադրածի մի մասն էլ ներմուծել Հայաստան։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք հայտնվեց, մասնավորապես, «Գրանդ հոլդինգ» ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանը. - «Մենք արդեն ծրագիր ենք կազմում, որ ինչ-որ արտադրության քանակներ արտահանենք Վրաստան եւ Ռուսաստան, որպեսզի այնտեղ արտադրենք ու ներմուծենք [Հայաստան]: Այս տեմպերով եթե վալյուտան [դոլարը] սկսի ընկնել, մոտակա 4-5 ամսվա ընթացքում մենք արդեն կգնանք նաեւ այդ քայլին, որպեսզի պահպանենք բիզնեսը»:

«Գրանդ Տոբակո» եւ «Գրանդ Սան» ընկերությունները արդեն իրենց հաստոցների ու սարքավորումների մի մասը տեղափոխել են Վրաստան ու Իրան ու այնտեղ համապատասխան արտադրություններ հիմնել, ինչը, նշանակում է, որ որոշակի քանակությամբ աշխատատեղեր արդեն փակվել են կամ կփակվեն, իսկ ապրանքների փոխարեն Հայաստանից կարտահանվի կապիտալ։

Դոլարի շարունակական արժեզրկումից դժգոհ են ոչ միայն ներքին արտադրողները, այլեւ արտահանողները։ «Հայկական պղինձ ծրագիր» ընկերությունը իր արտադրածի առյուծի բաժինը արտահանում է, եկամուտը, բնականաբար, ստանում է արտարժույթով, իսկ ծախսերի հիմնական մասը, այդ թվում եւ՝ հարկերի վճարումը կատարում է Հայաստանում՝ դրամով։ Դրամի արժեվորումը, բնականաբար, վնաս է հասցնում այս ընկերությանը՝ ստիպելով կրճատել ծախսերը։

Ընկերության կոմերցիոն տնօրեն Տիգրան Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց. - «Այն կազմակերպությունները, որոնք հիմնականում արտահանող կազմակերպություններ են եւ որոնց եկամուտների մեծ մասը ձեւավորվում է արտարժութային ներհոսքից, դրամի արժեվորման ժամանակահատվածում, բնականաբար, ունեն դժվարություններ»:

Ավելին՝ արտահանող կազմակերպությունները, Խաչատրյանի խոսքերով, ոչ միայն շահույթի որոշակի կորուստներ ունեն, այլեւ ստիպված են զսպել աշխատավարձի աճը. - «Կազմակերպության համար հենց աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները դառնում են ավելի թանկ՝ եթե մենք գտնվում ենք դրամի արժեքավորման փուլում»:


Ատոմ Մարգարյան

(Լուսանկարում՝ «Գրանդ հոլդինգ»-ի նախագահ Հրանտ Վարդանյանը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG