Մատչելիության հղումներ

Խորհրդարանը հաստատեց 2005 թվականի պետական բյուջեի կատարողականը


Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի օրը բացված արտահերթ նստաշրջանի նիստում հաստատեց անցած տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվությունը: Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը քվեարկությանը չմասնակցեցին:

«Արդարություն» եւ «Ազգայի միաբանություն» խմբակցությունները դահլիճում չէին, իսկ նիստին ներկա «Օրինաց երկիր»-ի պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը:

Եթե 2005 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները անցան գրեթե դատարկ դահլիճում, ապա քվեարկության ժամանակ արձանագրված 77 կողմ ձայները ապահովվեցին նաեւ խորհրդարան հազվադեպ այցելող գործարար պատգամավորների (նաեւ վերջերս «Օրինաց երկիր»-ից հեռացածների) հաշվին:

Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը իր ելույթում նշեց, որ, թեեւ նախորդ տարվա բյուջեն 42,8 միլիարդ դրամ դեֆիցիտ ուներ, այդուհանդերձ գերակատարվել է: Այդ դեֆիցիտն անգամ նախարարը վերջին տարիների ձեռքբերում համարեց. - «Պետական բյուջեի օրենքով սահմանված ցուցանիշները կատարվել են 108,5 տոկոսով՝ եկամտային մասով»:

Նա հայտարարեց, որ նվազել է գործազրկության ցուցանիշը՝ հիմա Հայաստանում կա 98 հազար գործազուրկ: Նվազել է նաեւ ծայրահեղ աղքատների թիվը՝ ընդամենը 2 տոկոս: Աղքատ է բնակչության 8 տոկոսը:

«Նույնիսկ ամենավատատեսներին է տեսանելի այսօրվա առաջընթացը», - ասաց Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը: - «Գոհունակությամբ արձանագրել ենք, որ արդեն մենք հասել ենք 89 թվականի համախառն ներքին արդյունքի մակարդակին»:

«Բյուջեի կատարողականի ամենաբարձր գնահատականն այն էր, որ ընդդիմությունը ոչինչ չուներ ասելու այս օրերի ընթացքում», - իր ելույթում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG