Մատչելիության հղումներ

Հայերի դեմ բռնությունների հարցը կքննարկվի Մոսկվայում


Հունիսի 29-ին Հայաստանի արտգործնախարարություն պատվիրակությունը Ռուսաստանի մայրաքաղաքում միջգերատեսչական հանդիպման շրջանակներում կքննարկվի նաեւ Մոսկվայում ու մերձակայքում հայերի դեմ բռնությունների ու սպանությունների խնդիրը:

Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում փոխանցեց, որ այդ մասին մոսկովյան այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել իր ռուսաստանցի պաշտոնակցի հետ:

Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը շաբաթասկզբին ասել էր, թե Ռուսաստանում Հայաստանի տարվա ընթացքում «որս սկսվեց հայազգիների դեմ»: Այս առնչությամբ Գեղամ Ղարիբջանյանը ասաց. - «Կարծում եմ, որ կոռեկտ չի վարվել պարոն Անանյանը, որովհետեւ Գրողների միության նախագահի մտահոգությունը պիտի լիներ այլ խնդիրների շուրջ»:

«Ինչ վերաբերում է այդ իրադարձություններին», - շարունակեց փոխնախարարը, - «ապա իշխանությունները, անշուշտ, հետեւողական աշխատանք տանում են: Նման դեպքեր տեղի են ունենում ոչ միայն Ռուսաստանում, այլեւ ցանկացած այլ երկրում, որտեղ էժան աշխատուժ է հայտնվում... Կա խնդիր, մենք պետք է փորձենք խնդիրը լուծել»:

Ղարիբջանյանը ասաց նաեւ, որ կոռեկտ չի համարում տեսակետը, թե դա ուղղված է միայն հայերի նկատմամբ՝ հիշեցնելով. - «Ընդամենը մի քանի օր առաջ այդ նույն երկրում [Ռուսաստանում] երեք հայ դարձան Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ, մեկ հայ ստացավ Ռուսաստանի հերոսի կոչում»:

Նրա խոսքերով, լարվածություն իսկապես գոյություն ունի՝ երիտասարդությունը շատ ավելի ագրեսիվ է դարձել. - «Մենք մի փոքր գուցե ուշացել ենք, բայց անելիքներ ունենք»:

«Հետեւողական աշխատանք է տարվելու, որովհետեւ մտահոգությունը ոչ միայն մեր կողմից է, այլեւ ռուսական իշխանությունների կողմից», - ացելացրեց փոխնախարարը: - «Այսուհետ, կարծում եմ, շարունակական պրոցես կլինի նման քննարկումների [անցկացումը] եւ նման մտահոգություններ իրար փոխանցելը»:

Ղարիբջանյանը համոզմունք հայտնեց, որ «նման մտահոգություն կփոխանցվի բոլոր աստիճաններով» նաեւ հունիսի 23-ին Մինսկում մեկնարկող տարեկան գագաթնաժողովում, որին մասնակցելու են ԱՊՀ երկրների նախագահներն ու արտգործնախարարները, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարները:

Նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Մինսկի գագաթնաժողովի ծրագիրը կճշտվի առաջիկայում եւ առայժմ պարզ չէ, թե կլինե՞ն արդյոք նախագահների երկկողմ հանդիպումներ:

Վերջին շրջանում Ռուսաստանի մայրաքաղաքում ու դրա մերձակայքում հաճախացել են հայերի դեմ բռնությունները: Մայիսին մերձմոսկովյան գնացքներից մեկում սպանվել էր 19-ամյա Արթուր Սարդարյանը:

Հունիսի 10-ին անհայտ անձինք Մոսկվայի Հյուսիս-Արեւելյան օկրուգում կրակ էին բացել Հայաստանի երկու քաղաքացիների վրա: Նրանցից մեկը տեղում զոհվել էր, մյուսը՝ վիրավորվել:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG