Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան ֆինանսական ծառայությունների հանձնաժողովը՝ հավատարիմ մնալով տարածաշրջանային համագործակցության եւ տնտեսական ինտեգրման քաղաքականությանը, որոշում ընդունեց Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարությունը չֆինանսավորելու մասին: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը՝ շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներին:

Արտահանումների եւ ներմուծումների բանկային վերահաստատման 2006 թվականի գործառույթում մտցվեց կոնգրեսականներ Ջոզեֆ Քրաուլիի, Էդվարդ Ռոյսի եւ Բրեդ Շերմանի ներկայացրած փոփոխությունը, որն արգելում է պետական գումարներ հատկացնել Հայաստանը տարածաշրջանային եւ առեւտրային հնարավորություններից զրկելու նպատակ ունեցող ծրագրերին:

Օրենքում փոփոխություն կատարելու առաջարկն ընդունվեց միաձայն, ինչն ընդգծում է հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորելու՝ Միացյալ Նահանգների հաստատակամությունը: Որոշումը նաեւ արձագանքն է Ադրբեջանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Էնն Դերսի վերջերս արած հայտարարությանը, թե «այդ երկաթուղին չի բխում տարածաշրջանային ինտեգրման շահերից»:

Քննարկումների ժամանակ կոնգրեսական Քրաուլին ասաց. - «Այս փոփոխությամբ մենք հստակ ուղերձ ենք հղում Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարություններին, որ տարածաշրջանային ծրագրերից Հայաստանի բացառումը հրահրում է անկայունություն»:

Կալիֆորնիան ներկայացնող կոնգրեսական Շերմանը հիշեցրեց, որ Եվրամիությունը արդեն հրապարակայնորեն հայտարարել է, թե Հայաստանը բացառելու դեպքում չի ֆինանսավորելու այս ծրագիրը:

«Հսկայական սխալ էր 2003 թվականին Բաքու-Ջեյհան խողովակաշարի ֆինանսավորումը, եւ այժմ Կոնգրեսը պարտավոր է ուղղել այդ սխալը», - հայտարարել է Բրեդ Շերմանը եւ հավելել. - «Մեր արտաքին օժանդակության նպատակը պետք է հակամարտությունը համագործակցության միջոցով լուծելը լինի, այլ ոչ թե մեկը մյուսին բացառող ծրագրերի ֆինանսավորումը»:

Օրենքի այս փոփոխությունն ուժի մեջ մտցնելու համար հաջորդ քայլը Ներկայացուցիչների տան լիագումար նիստի քվեարկությունն է:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG