Մատչելիության հղումներ

Երեկ երեկոյան Բրյուսելում ավարտվեց ՆԱՏՕ-ի խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Հայաստանը ներկայացրեց դաշինքի հետ իրականացվող անհատական ծրագրի կատարման ընթացքը: Բրյուսելում Հայաստանը ներկայացնում էին արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները:

«Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում Վարդան Օսկանյանը նշեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքում Հայաստանը ընդհանուր առմամբ դրական գնահատականի արժանացավ:

«ՆԱՏՕ-ն սովորություն ունի վեց ամիսը մեկ գնահատական տալ ծրագրի կատարամանը: Զեկույց էր պատրաստվել, պաշտպանության նախարարը եւ ես պարզաբանումներ տվեցինք, ներկայացրինք մեր տեսակետը զեկույցի առթիվ: Ընդհանուր առմամբ [ծրագրի իրկանացման] առաջին վեց ամիսները բավական դրական գնահատվեցին, արձանագրվեց, որ կա բավական լուրջ առաջընթաց»:

Թեեւ ընդհանուր գնահատականը դրական է, սակայն, ըստ Օսկանյանի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչները «որոշակի թերացումներ եւս մատնանշել են»:

«Խոսքը նախեւառաջ պաշտպանության նախարարության քաղաքացիական հսկողության համակարգում քաղաքացիական, ոչ զինվորական անձանց ներգրավվածության մասին է: Դրա առթիվ պետք է օրենք ընդունել, կարծում եմ, որ առաջիկա ամիսներին դրական տեղաշարժեր կարձանագրվեն»:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացմանը, ըստ Օսկանյանի, Անհատական գործընկերության գործողության ծրագիրը դեռ մի քանի տարի կշարունակվի:

«Սա միջնաժամկետ ծրագիր է, բավական ծավալուն եւ մի քանի տարի է պետք այն իրականացնելու համար: Այս ծրագրի իրականացումից հետո միայն կարող ենք մտածել հետագա քայլերի մասին: Կարող եմ միայն ասել, որ այս քննարկումների ընթացքում հստակ զգացվեց, որ բոլորը բավական դրական են գնահատում մեր կոմպլեմենտար քաղաքականությունը եւ քայլերը, որոնք մենք իրականացնում ենք անվտանգության հարցերում: Դա շատ բնական է ընդունվում եւ որոշ չափով ես կարող եմ ասել՝ ողջունվում»:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG