Մատչելիության հղումներ

logo-print

Վահան Հովհաննիսյան. «Հայաստանի համար ամենամեծ սպառնալիքը Թուրքիան է»


Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Դաշնակցության ղեկավար անդամ Վահան Հովհաննիսյանը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Հայաստանի համար ամենամեծ վտանգը ներկայացնում է Թուրքիան:

Խորհրդարանում կայացած կլոր սեղանի ընթացքում, պատասխանելով Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ֆրենք Քուքի հարցին, փոխխոսնակը ասաց, որ Թուրքիան տարիներ շարունակ շրջափակման է ենթարկել Հայաստանը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դիմաց դնում է այնպիսի նախապայմաններ, որոնք հարաբերությունների բարելավումը դարձնում են անհնարին՝ հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումից, հայկական ուժերը դուրս բերել Ղարաբաղից, ինչը նշանակում է, որ հայ ամբողջ բնակչությունը պետք է դատարկի Լեռնային Ղարաբաղը, եւ, վերջապես, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչման խնդիրը, ինչը Հայաստանը պաշտոնապես երբեք չի էլ վիճարկել, որովհետեւ գոյություն ունի Կարսի պայմանագիրը, որը դեռ ոչ ոք չի վերանայել:

«Թուրքիան շարունակաբար խախտում է Կարսի համաձայնագիրը, մասնավորապես 17 եւ 19 կետերը, ըստ որի երկաթգիծը եւ հաղորդակցության այլ միջոցները պետք է պահպանվեն` ապահովելով մարդկանց եւ ապրանքների ազատ, տարանցիկ տեղափոխումը առանց խոչընդոտների: Հայաստանի անկախացումից հետո` հրաժարվելով դիվանագիտական կապեր հաստատել մեր երկրի հետ, Թուրքիան անընդհատ խախտել է Կարսի համաձայնագրի այն կետը, ըստ որի պետք հյուպատոսական կոնվենցիաներ կնքվեն կողմերի միջեւ», - փաստեց Վահան Հովհաննիսյանը:

Ազգային ժողովում կազմակերպված կլոր սեղանին մասնակցում էին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Ապագա անվտանգության ու պաշտպանական կարողությունների եւ Ժողովրդավարական կառավարման հարցերի ենթահանձնաժողովների համատեղ պատվիրակությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG