Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ի ներկայացուցիչը դոլարի փոխարժեքի անկումը համարում է «շուկայական գործոնների» հետեւանք


Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Ջեյմս ՄըքՀյուն չորեքշաբթի օրը հայտարարեց, որ դոլարի փոխարժեքի անկումը պայմանավորված է զուտ «շուկայական գործոններով»:

«Արժույթի միջազգային հիմնադրամի դերն անցումային տնտեսությամբ երկրներում» սեմինարի ընթացքում, ի պատասխան լրագրողների դիտարկմանը, թե հասարակությունը չի հավատում, որ այս փոխարժեքային խաղը արհեստականորեն մարդկանց գրպանը մտնելու հերթական փորձը չէ, ԱՄՀ-ի ներկայացուցիչը հնչեցրեց «տնտեսական վերլուծության վրա հիմնված» իր համոզմունքը, թե «շուկայական գործոններն են որոշում տարադրամի փոխարժեքը»:

Սեմինարում Ջեյմս ՄըքՀյուի ելույթը նվիրված էր անցումային տնտեսությամբ երկրներում փոխարժեքի ռեժիմներին, դրանց դրական եւ բացասական կողմերին:

Նրա վերլուծությամբ, Հայաստանում դոլարի արժեքի անկումը դիտարկելիս, պետք է նկատի ունենալ տարբեր գործոններ. նախ, չի կարելի հաշվի չառնել, որ դոլարը միտում ունի աշխարհում նվազելու հատկապես եվրոյի նկատմամբ, եւ դոլարի փոխարժեքը անկայուն վարքագիծ դրսեւորեց գրեթե բոլոր երկրներում: Երկրորդ գործոնն այն է, որ այստեղ եւս աշխատել է շուկայական տրամաբանությունը. երբ ապրանքը շատանում է, բարձրանում է առաջարկը, ապա անխուսափելի է այդ ապրանքի գնի նվազումը:

Ջեյմս ՄըքՀյուն գտնում է, որ վերջին տարիներին գնալով ավելի ու ավելի մեծ դոլարային հոսք է մտնում Հայաստան, ինչը շուկայում առաջացնում է առաջարկի ավելցուկ, որը գցում է այդ ապրանքի [դոլարի] գինը:

Կենտրոնական բանկը, իհարկե, լծակներ ունի այդ ճնշումը չեզոքացնելու համար. գլխավոր դրամատունը կարող է շուկայից գնել համապատասխան փոխարժեքով երկիր մուտք գործող դոլարը, եւ չեզոքացնել մեծ առաջարկը: Ազգային դրամը, սակայն, այդ դեպքում կսկսի կորցնել իր արժեքը, ինչը կհանգեցնի մեծ ինֆլյացիայի:

Հայաստանում ապրում է կես միլիոն կեսնաթոշակառու եւ նրանց մեծամասնությունն ապրում է արտագնա աշխատանքի մեկնած կամ արտասահմանում մշտական բնակության հաստատած հարազատների հաշվին, եւ, եթե նախկինում այդ ամսական փոխանցումը կազմում էր 200 դոլար, հիմա դա հավասար է 150 դոլարի: Իսկ սննդամթերքի գները, միեւնույն է, բարձրանում են: Այս դիտարկմանն ի պատասխան ՄըքՀյուն ասաց, թե սղաճը որեւէ երկրում միանշանակորեն հարված է բոլորի համար, բայց ավելի ծանր հարված է հատկապես աղքատների համար:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG