Մատչելիության հղումներ

Դաշնակցական նախարարը կոչ է անում «զերծ պահել դպրոցը կուսակցականությունից»


Հայաստանի կրթության եւ գիտության նորանշանակ նախարար, Դաշնակցության ղեկավար անդամ Լեւոն Մկրտչյանը երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում քաղաքական ուժերին եւ ուսուցիչներին կոչ արեց «զերծ պահել դպրոցը կուսակցականությունից»:

«Ես չեմ ուզում, որ վաղը, մյուս օրը ընտրություն անենք, թե մեր երեխային ուղարկելու ենք չգիտեմ՝ Հանրապետական դպրոց, «Օրինաց երկիր»-ի դպրոց, թե Դաշնակցական դպրոց: Սա մեր համար կործանում կլինի», - ի պատասխան դիտարկմանը, թե «Օրինաց երկիր»-ի՝ կոալիցիայից դուրս գալուց հետո ուսուցիչները սկսել են լքել այդ կուսակցության շարքերը եւ սկսվել է ուսուցիչների անդամագրում ՀՀԿ-ի, ինչպես նաեւ «Բարգավաճ Հայաստան»-ի շարքերը, ասաց Լեւոն Մկրտչյանը:

Լուրջ բացթողումների շարքում Մկրտչյանը, ով 1998-ից ի վեր արդեն երրորդ անգամ է նշանակվում կրթության եւ գիտության նախարար, նշեց բուհերի լիցենզավորման համակարգը:

«Երեւի այն լուրջ բացթողումներից էր, որի սխալները սրբագրելը մեզանից պահանջելու է տարիների աշխատանք, որովհետեւ նաեւ գործ ունենք ճակատագրերի հետ», - ասաց նա՝ բացատրելով. - «Մարդիկ հավատացել են, սովորել են, պետության վկայականները ստացել են, բայց գոնե իրավիճակը պետք է կարողանանք կանգնեցնել»:

Նախարարը քննադատեց նաեւ բուհական նորաստեղծ խորհուրդները. - «Նրանք պետք է հասկանան, որ բուհական խորհուրդները միայն ռեկտորներ ընտրելու համար չեն... Այն, ինչ այսօր է կատարվում, ցավոք սրտի, ե’ւ դպրոցական կառավարման խորհուրդներում, ե’ւ բուհական կառավարման խորհուրդներում հեռու է բավարար լինելուց»:

«Պետք է մարդիկ, ովքեր խորհրդի անդամի պարտականություն ունեն, հասկանան, որ իրենք դակիչ չեն», - հավելեց նա:

Անդրադառնալով գիտության ոլորտին՝ նախարարը ասաց. - «Գիտության մեջ համալիր փոփոխությունների խնդիր ունենք: Հակառակ պարագային կտրուկ կերպով մենք արդեն կորցնում ենք մեր այն դիրքերը, որ ունեցել ենք աշխարհում գիտության մեջ: Սա նշանակում է, որ մենք ունենք ոչ այնքան ֆինանսավորման խնդիր, որքան գիտության կառավարման խնդիր»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG