Մատչելիության հղումներ

Շարունակում են աճել արտաքին ներդրումները Հայաստանում


Արտաքին ներդրումների կորագիծը Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրության, շարունակում է վերընթացը. անցյալ տարվա արդյունքներով՝ դրսից Հայաստան մտնող ներդրումների ծավալը հատեց կես միլիարդ դոլարի սահմանագիծը:

Որոշ վերլուծաբաններ, սակայն, այս թիվն ուռճացած են համարում՝ ներդրումների ավելացումը պայմանավորելով դոլարի շարունակվող արժեզրկման հետ։ Ըստ այդ վերլուծաբանների, արտաքին ներդրումների ծավալը՝ արտահայտված եվրոյով, ավելի քան համեստ է։

Այդուհանդերձ, այս տարվա ներդրումների վիճակարգությունը եւս որոշակի աճ է արձանագրում։ Զարգացման հայկական գործակալության գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանի փոխնացմամբ, արտաքին ներդրումներն աճում են հատկապես այն ոլորտներում, որտեղ Հայաստանը մրցակցային որոշակի առավելություններ ունի:

Վիճակարգությունը փաստում է, որ արտաքին աղբյուրներից այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ներդրվել է շուրջ 94 միլիոն դոլար, որից մոտ 45 միլիոնը արտաքին ուղղակի ներդրումներն են։ Ընդ որում, արտաքին ներդրումների կեսը բաժին է ընկնում կապի ոլորտին։

Հայաստանում ներդրում արած երկրների շարքում առաջատարները Լիբանանը եւ Հունաստանն են։ Լիբանանից Հայասատան է մտել մոտ 27 միլիոն դոլար, իսկ Հունաստանից՝ «ԱրմենՏել»-ի միջոցով մոտ 21 միլիոն։

Արտաքին ներդրող երկրների ցուցակում երրորդը Գերմանիան է, որ ներկայանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսի սեփականատեր «Քրոնիմեդ» ընկերության միջոցով։ Վերջինս այս ընթացքում հասցրել է կոմբինատի արտադրությունների եւ ենթակառուցվածքների զարգացման մեջ ներդնել շուրջ 12 միլիոն դոլար ու լրացուցիչ ստեղծել 500 աշխատատեղ։

Ներդրումների աճի առումով, ըստ վիճակագրության, անվիճելի առաջատարը Գերմանիան է, որի ֆինանսական ներարկումները Հայաստանի տնտեսության մասնավոր հատվածում աճել են ավելի քան 120 անգամ: Լիբանանյան ներդրումներն ավելացել են 18,5 անգամ։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG