Մատչելիության հղումներ

Հայաստանում Իրանի փոխդեսպան Ալի Աքբար Ջոքարը չի կիսում Իրանի միջուկային խնդրի շուրջ զարգացումների հնարավոր ռազմական գործողությունների վերաբերյալ կանխատեսումները:

«Իրանը մի աշխարհաքաղաքական տարածքում է գտնվում, որը աշխարհի անվտանգության կարեւոր հատվածն է: Իրանի անվտանգությունը համաշխարհային նշանակություն ունի, սա պարզ հարց չէ, որ կարողնանա այդպես վարվել: Ցանկացած նման իրադարձութուն համաշխարհային տնտեսության, անվտանգության վրա ազդեցություն կգործի», - այսօր կայացած ասուլիսում հայտարարեց Ալի Աքբար Ջոքարը:

Փոխդեսպանի համոզմամբ՝ Իրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ միշտ էլ համագործակցել է, եւ չկա այն հանգամանքը, որ միջազգային հանրության համար արդարացնի Իրանի դեմ ռազմական գործողությունները:

Հարցին, արդո՞ք հնարավոր է, որ Իրանում տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ Իրաքում, փոխդեսպանը պատասխանեց. - «Իրաքն այլ դեպք էր: Իրաքում իշխանության գլուխ բռնապետ էր, որը ոչ մի կապ չուներ ժողովրդի հետ»:

«Իրանի իշխանությունները վայելում են ժողովրդի լայն աջակցությունն ու պաշտպանությունը», - հավելեց դիվանագետը:

Ինչ վերաբերում է Իրանի ադրբեջանաբնակ տարածքներում բողոքի ցույցերին, Ալի Աքբար Ջոքարը նշեց. - «Իրանի ադրբեջանախոս բնակչությունը իրեն նախ եւ առաջ իրանցի է համարում, եւ այդ ազգային ինքնությունը գերիշխող է»:

Փոխդեսպանը հայ լրագրողներին հրավիրեց Իրան՝ համոզվելու, որ ադրբեջանցիների կողմից ինքնավարության պահանջի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:


«Մեր բարեկամ Հայաստանը մտահոգ է, որ հարցը խաղաղ ճանապարհով լուծվի», - կրկին անդրադառնալով միջուկային խնդրին, ասաց փոխդեսպանը՝ համոզմունք հնչեցնելով, թե խնդիրը կլուծվի խաղաղ ճանապարհով. - «Գուցե չափից մի փոքր ավելի լավատես եմ, բայց ես հետագա լարվածության հնարավորություն չեմ տեսնում»:

Արձանագրելով, որ Միացյալ Նահանգները վերջին շրջանում ավելի մեղմ է խոսում Իրանի միջուկային ծրագրերի կապակցությամբ՝ Ջոքարը ասաց, թե դա երկու պատճառ ունի՝ Իրանի ժողովրդի կամքը, «որ հնարավոր չէ հեշտությամբ կոտրել», եւ այն իրողությունը, որը այդ հարցում կոշտ դիրքորոշումը «արձագանք չգտավ միջազգային հանրության շրջանում»:

Իսկ Իրան - Հայաստան գազատարում ռուսական կողմի հնարավոր մասնակցության մասին փոխդեսպանը ասաց, որ դա «երկկողմ ծրագիր է» եւ եթե որեւէ փոփոխություն լինի, ապա այն պետք է տեղի ունենա «բոլոր կողմերի համաձայնությամբ»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG