Մատչելիության հղումներ

Շվեյցարիայի արտգործնախարարը վերահաստատում է Ցեղասպանության ճանաչումը


Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար (Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար) Միշելին Քալմի Ռեյը երկուշաբթի օրը վերահաստատել է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի սպանդը ցեղասպանություն ճանաչելու մասին իր երկրի որոշումը:

«Հայաստանը Շվեյցարիայում համակրանքի շատ մեծ կապիտալ ունի», - լրագրողների հետ հանդիպման ընթացքում երկուշաբթի օրը ասաց Միշելին Քալմի Ռեյը: - «Հայերի ցեղասպանությունը Շվեյցարիայում ճանաչվել է տարբեր մակարդակներով՝ ե’ւ համապետական, ե’ւ կանտոնների, ե’ւ քաղաքների մակարդակով»:

Նա հավելեց, որ Շվեյցարիան «պարբերաբար ջանքեր է գործադրում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ»:

Շվեյցարիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը հաջորդեց Շվեյցարիայի եւ Թուրքիայի փոխհարաբերություններում որոշակի լարվածություն: Երկու երկրների միջեւ հարաբերությունները, ըստ Միշելին Քալմի Ռեյի, այժմ լավ են:

Շվեյցարիայի արտգործանախարարին երեկ ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, Քոչարյանը «բարձր է գնահատել Շվեյցարիայի աջակցությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացին, նշել է շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալության ներգրավվածությունն առանձին ծրագրերում»:

Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ իր երկիրն ուշադրությամբ հետեւում է Հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումներին` հատկապես հետաքրքրված լինելով կայունության, անվտանգության եւ միգրացիոն խնդիրներով:

«Նշելով, որ տնտեսական ոլորտում ցուցանիշները բավականին համեստ են, կողմերն ընդգծել են առավել համակարգված փոխգործակցության անհրաժեշտությունը: Այդ առումով նրանք կարեւորել են այսօր երկու երկրների միջեւ ստորագրված եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը, ինչպես նաեւ այս օրերին Ցյուրիխում անցկացվող տնտեսական ֆորումը, գործարար շփումները», - փոխանցում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG