Մատչելիության հղումներ

«Արմավիա»-ի գլխավոր տնօրենը վստահ է, որ «ամեն ինչ կբացահայտվի»


«Արմավիա» ընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, թե հնարավոր է, որ մեկ շաբաթ հետո ինչ-որ տեղեկատվություն լինի ինքնագրիչների վերծանման աշխատանքների կապակցությամբ:

Չնայած արդեն մեկ շաբաթ է, ինչ աղետի ենթարկված A320-ի ինքագրիչներում արձանագրված խոսակցությունները վերծանվել են, սակայն ո’չ այդ խոսակցությունների բովանդականությանը եւ ո’չ էլ աղետի պատճառներին վերաբերող որեւէ տեղեկատվություն չի տրամադրվում:

«Մեկ շաբաթից միգուցե ինչ-որ տեղեկություն կլինի», - ասաց Բելոյանը: - «Ոչ թե վթարի [պատճառների] մասին... Ես համոզված եմ, որ դա չի լինի, որովհետեւ շատ շուտ է դեռ: Բայց ես մտածում եմ, որ կարող է ամեն շաբաթ բերի ինչ-որ տեղեկատվություն»:

«Ես ունեմ ինֆորմացիա, որ այդ արկղերը նորմալ վիճակում են եւ կարդալ լինում է, բայց՝ ի՞նչ է արձանագրվել, ի՞նչ է գրված, ի՞նչ են կարդացել. դրանով զբաղվում է հանձնաժողովը», - հավելեց նա՝ այդուհանդերձ կտրականապես հերքելով, թե վթարի պատճառը վառելիքի պակասն է եղել:

Բելոյանի վստահեցմամբ, ոչ ոք վթարի պատճառները թաքցնելու միտում չունի եւ «ամեն ինչ վաղ թե ուշ կբացահայտվի». - «Երբ կլինի դա՝ չեմ կարող ասել, բայց այն, որ կասվի ամեն ինչ, ես համոզված եմ»:

Մայիսի լույս 3-ի գիշերը Սոչիի օդանավակայանի մոտակայքում վթարված հայաստանյան ինքնաթիռի զոհեր հարազատները, մինչդեռ, վաղը Երեւանից ավտոբուսներով ուղեւորվելու են Սոչի. նրանք ցանկացել են իրենց հարազատների մահվան 40-րդ օրը լինել աղետի վայրում:

Ուղեւորությունը կազմակերպել է Ռուս-հայկական գործարար համագործակցության ընկերակցությունը, որի համանախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Բադալյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց. - «Հունիսի 14-ին մենք պատվիրել ենք նավ, որով դուրս կգանք ծով՝ աղետի վայրը... Իսկ երեկոյան ժամը 7-ին Ադլերի եկեղեցում կլինի պատարագ զոհվածների հիշատակին»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG