Մատչելիության հղումներ

Ազնվական ծագումը պարտավորեցնում է


Հայ ազնվականների հետնորդների մեծ մասը, պարզվում է, այժմ էլ ապրում է Հայաստանում՝ մեր կողքին: Իսկ նրանք, ովքեր ստույգ գիտեն իրենց ծագման մասին, միավորված են Հայ ազնվականների միությունում: Այն ստեղծվել է 1992 թվականին ազնավական ծագում ունեցող Գեւորգ Փիրումյանի ու եւս 20 ազնվականների ջանքերով: Այժմ Հայ ազնվականների միությանը անդամակցում է շուրջ 370 ընտանիք՝ մոտ 1000 հոգի:

«Ազգանունս եւ ազնվական ծագումս ինձ պարտավորեցնում են, ես զգում եմ ինձ ժամանակին հայ հասարակության կյանքում մեծ դեր ունեցող մարդկանց ժառանգ: Դա ե'ւ հպարտություն է, ե'ւ մեծ պատասխանատվություն», - ասում է տեխնիկական գիտություների դոկտոր պրոֆեսոր, ազնվական Գեւորգ Փիրումյանը:

Փիրումյանի խոսքերով, իրենք չեն կազմակերպում ճաշկերույթներ, պարահանդեսներ, իրենց երեխաներին մանկուց սուսերամարտել, պարել եւ ֆրանսերեն խոսել չեն սովորեցնում, այլ ավելի շուտ փորձում են տեղեկություններ հայթայթել իրենց տոհմերի պատմության մասին:

Գեւորգ Փիրումյանը, սակայն, խոստովանում է, որ բավական դժվար է ազնվական ընտանիքներին վերաբերող փաստաթղթեր գտնել, քանի որ խորհրդային տարիներին մարդիկ վախեցել եւ ոչնչացրել են շատ փաստաթղթեր: Այնպես որ, իրենք փաստաթղթեր գտնելու համար նույնիսկ Մոսկվայի արխիվներ են հասնում:

Իսկ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որպեսզի ապացուցվի տվյալ անձի ազնվական ծագումը, կարո՞ղ են հին սնդուկում գտնված լուսանկարը կամ տոհմածառը ապացույց համարվել: Պարզվում է՝ ոչ: Անհրաժեշտ է փաստաթղթերով ապացուցել, որ ազգակցական կապ ունես ազնվական համարվող որեւէ անձի հետ: Հիմնական փաստաթղթերը ծննդյան վկայականներն են եւ գրառումները եկեղեցական մատյաններում:

Շատ հայ ազնվականներ այսօր թեեւ սովորական կենցաղով են ապրում, սակայն փորձում են նաեւ որոշ ընտանեկան ավանդույթներ վերականգնել՝ ասենք, հատուկ մկրտության ծես կազմակերպել կամ տոն օրերը համատեղ նշել:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG