Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 10-ը հունիսի)

Ըստ «Չորրորդ իշխանություն» թերթի. - «Արդարադատության նախարարությունը լրջորեն պատրաստվում է էապես նվազեցնել դատախազության լիազորությունները: Մասնավորապես՝ հասնել նրան, որ դատախազությունը զբաղվի բացառապես պետական շահերի պաշտպանությամբ, իսկ նախաքննությունն իրականացնեն իրավապահ մարմինները (ոստիկանությունը)»: - «Եթե սա իրականություն դառնա, դատախազությունը կվերածվի շարքային պետական հիմնարկի, այսինքն՝ բնապահպանության նախարարության պես մի բան կդառնա», - գրում է թերթը՝ հավելելով. - «Աղվան Հովսեփյանը, բնականաբար, դիմադրում է: Ընդ որում, առաջնորդվում է «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» սկզբունքով եւ ներկայումս լայնամասշտաբ ստուգումներ է իրականացնում հենց արդարադատության համակարգում: Ավելին՝ մեր տեղեկություններով, արդեն իսկ մի քանի քրեական գործեր են հարուցվել, եւ այդ գործերով «անցնողները» Դավիթ Հարությունյանի մերձավորագույն շրջապատից են եւ համարվում են նրա ամենահավատարիմ մարդիկ»:

Քաղաքական ներկայիս գործընթացներից «Գոլոս Արմենիի»-ն բխեցնում է. - «Ընտրողների վստահությունը շահելու պայքարում Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան»-ը, կարծես թե, իր հիմնական մրցակիցն է համարվում «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությանը, որը կապվում է գլխավոր դատախազի անվան հետ՝ որքան էլ վերջինս մերժում է, թե առնչություն ունի այդ կուսակցության հետ»: - «Տարածքային վեճերը ընտրազանգվածի համար՝ դա դեռ միայն հակասությունների նախերգանքն է, հակասություններ, որոնք ավելի կսրվեն 2007 թվականի ընտրությունները մոտենալուն զուգընթաց», - նախանշում է «Գոլոս Արմենիի»-ն, որի մատուցմամբ. - «Բարգավաճ Հայաստան»-ի եւ «Միավորում հանուն Հայաստանի» հաղթարշավը մարզերում արդեն լրջորեն մտահոգում է իշխող եւ իշխանամետ ուժերին: Մյուս կողմից, երկու նորաթուխ կուսակցությունները ակտիվորեն մրցակցում են միմյանց դեմ՝ ընտրազանգվածի համար, որի արդյունքում աճում է անվստահությունը գլխավոր դատախազի հանդեպ»: Հայացք ձգելով առաջիկա նախընտրական պայքարին, մեկնաբանը ենթադրում է. - «Կամ մարզերը խաղաղ եղանակով կբաժանվեն՝ ըստ իշխանական առաջատար կուսակցությունների ազդեցությունների ոլորտների, կամ էլ նախընտրական գործընթացները առանց միջադեպերի չեն ընթանա»:

«Առավոտ»-ի փոխանցմամբ. - «ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը երեկ ասուլիսում հայտարարեց, թե Հայաստանում քաղաքական ընդդիմության քողի տակ գործում են ուժեր, որոնք քննադատում են գործադիր եւ օրենսդիր իշխանությունները՝ երբեք չխոսելով երկրի նախագահի մասին: Մինչդեռ, ըստ նրա, ընդդիմադիր ուժերը նրանք են, որոնք ի թիվս այլ պետական ինստիտուտների՝ քննադատում են երկրի նախագահին: «Այն քաղաքական ուժերը, որոնք երբեք չեն քննադատում նախագահին՝ քվազի-ընդդիմություն են, եւ դա ընդամենը նախընտրական ընթացքում ընդդիմադիր էլեկտորատի ձայները շահելու փորձ է», - ասաց Աշոտյանը: Հարցին էլ, թե արդյո՞ք խոսքն «Օրինաց երկրի» մասին է՝ Աշոտյանը հրաժարվեց պատասխանել»:

«Հայկական ժամանակ»-ի մատուցմամբ. - «Վերջերս ընդդիմադիր դարձած «Օրինաց երկիր» կուսակցությունը «նեղ կռուգով» ոչ հրապարակային շնորհանդես է կազմակերպել, որով ազդարարվել է իրենց նոր՝ գլխավոր գրասենյակի բացումը: Չնայած հայտնի չէ, թե ինչ գումարներով է ձեռք բերվել գրասենյակը, բայց դրա շուկայական արժեքը, ըստ մոտավոր գնահատականների, կազմում է մինչեւ 1 միլիոն դոլար», - գնահատում է թերթը: «ՕԵԿ-ից դուրս եկած գործարարներ-պատգամավորները պնդում են, որ շենքի վերանորոգումն արվել է բացառապես իրենց միջոցներով: Կրթության եւ գիտության նախկին նախարար Սերգո Երիցյանի վրա դրված էր պարկետը, քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանի վրա՝ ողջ շենքի գյաջն ու ներքին հարդարման որոշ աշխատանքներ, «ՄԱՊ»-ի սեփականատեր Ալիկ Պետրոսյանը պետք է կապեր շենքի տանիքը», - գրում է թերթը՝ հավելելով. - «Օրինաց երկիրը» մի այնպիսի պրոյեկտ ունի, որը կարելի է համարել Հայաստանում արեմտյան ամենավերջին «պիսկը»։ ՕԵԿ-ը ստեղծելու է ջազ ակումբ, որի անդամ լինելու իրավունք տրվելու է միայն «Օրինաց երկիր» կուսակցության անդամներին։ Իհարկե, մի քիչ դժվար է պատկերացնել Սամվել Բալասանյանին կամ Հովիկ Մարգարյանին ջազ կաֆեում Լուի Արմստրոնգ լսելիս, բայց նորաձեւությունը զոհեր է պահանջում»։

«Մեկ տարի անց, մարտի 19-ին կլրանա Գրիգոր Ամալյանի վեցամյա տխուր պաշտոնավարման ժամկետը», - ազդարարում է «Ազգ»-ը՝ շարունակելով. - «Հանձնաժողովն, իհարկե, կպահպանվի, որպեսզի երկրի իշխանության հովանավորությամբ հեռուստառադիոհաճախականությունները տրվեն հատուկ մենաշնորհ ունեցող ընկերություններին: Բնավ զարմանալի չէր, որ վերջին մրցույթում ռադիոհաճախություն ստացած «Շարմ» ընկերության «Ռադիո ջազի» բացումը նշվեց չափազանց հանդիսավոր: Լավ է գոնե, որ Ռոբերտ Քոչարյանը ջազ է սիրում: Վայ մեզ, եթե մեր երկրի հաջորդ նախագահը ռաբիս երաժշտության երկրպագու լինի: Դժվար չէ ենթադրել, որ առաջին իսկ մրցույթում ռադիոհաճախականություններ կտրվեն Արամ Ասատրյանի, Արմենչիկի ու մյուսների երգերը տարածողներին: Աստված մի արասցե»:

«Երբ ասում ենք՝ մարդիկ դոլարի վայրիվերումներից փող են աշխատում, որոշ ընթերցողներ հետաքրքրվում են՝ ինչպե՞ս: Պատասխանենք՝ շատ պարզ», - գրում է «168 ժամ»-ը՝ պարզաբանելով. - «Ասենք՝ Պետրոսը սրանից մեկ ամիս առաջ ուներ 1 միլիոն դոլար, նա իր դոլարները վաճառում է եւ ստանում 450 միլիոն դրամ: Հետո սպասում է մեկ ամիս, մինչեւ դոլարի գինը հասնում է 400 դրամի: Իր մոտ եղած 450 միլիոն դրամով նա նորից դոլար է գնում եւ ունենում արդեն 1 միլիոն 125 հազար դոլար: Իսկ եթե Պետրոսը ոչ թե «պատահական», այլ «շատ ոչ պատահական» մարդ է, եւ խաղի մեջ մտնում է ոչ թե 1 միլիոն, այլ 10 միլիոն դոլարով, պարզ է՝ կենացները քաղցրանում են»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG