Մատչելիության հղումներ

logo-print

Րաֆֆի Հովհաննիսյանը եւ թատրոնի ղեկավարությունը կարող են հաշտություն կնքել


Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դեմ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական հայցով դատավարությունում այսօր դատավորը հայտարարեց, որ կողմերը համաձայնել են խելամիտ ժամկետում՝ 3 օրվա ընթացքում, հաշտության համաձայնության գալ:

Միաժամանակ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, որում ասված է՝ «Հաշտություն կոչվածի իմաստը ես տեսնում եմ Պարոնյանի անվան թատրոնի անկեղծ ինքնախոստովանանքի համատեքստում: Թատրոնի տնօրինությունը պետք է ընդունի, որ, իսկապես, որոշ ուժերի ձեռքին գործիք է դարձել՝ «Ժառանգության» եւ անձամբ իմ դեմ հակաիրավական գործողություններ եւ քաղաքական հետապնդումներ իրականացնելու համար»:

«Ակնկալում ենք, որ պատսխանողը կօժանդակի այդ հանցագործությունների իրական կազմակերպիչների բացահայտմանը, ովքեր ապօրինաբար կողպել են գրասենյակը, ներխուժել սեփականության իրավուքնով ինձ պատկանող տարածք եւ ցանկացածի պես տնօրինել իմ գույքը: Անտարակույս, թատրոնի տնօրենին չէր կարող հետաքրքրել «Ժառանգության» եւ իմ փաստաթղթային խարիսխը, նրան բնավ պետք չէր գողունի սողոսկել մեր համակարգիչների մեջ»:

«Անհամբեր սպասում եմ պատասխանողների ազնիվ առաջարկներին», - իր հայտարարությունն ավարտում է «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը:

Դատական նախորդ նիստի ընթացքում «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը բացառել էր, թե ինքն ինչ-որ մեկի պատվերով է կուսակցությունը զրկել իր գրասենյակից: «Նման բան չկա, ես քաղաքականության մեջ չեմ, թատրոնում են աշխատում, ամբողջովին բացառում եմ որեւէ ճնշում», - ասել էր Շահբազյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG