Մատչելիության հղումներ

Միջազգային շուկաներում դոլարի շարունակվող արժեզրկմանը զուգահեռ Հայաստանում եւս ամերիկյան արժույթը շարունակում է իր գլխապտույտ անկումը. թեեւ Կենտրոնական Բանկում միշտ հակված են պնդել, թե փոխարժեքը լողում է, իրականում՝ գործընթացը սուզվելու է նման։ Օրվա կեսին արդեն մայրաքաղաքի փոխանակման որոշ կետեր ամերիկյան մեկ դոլարը գնում էին ընդամենը 410 դրամով։ Ու դա, ըստ երեւույթին, ձեռնտու է ոչ միայն լայն սպառման ապրանք, ասենք, բենզին, շաքարավազ, դեղորայք կամ շինանյութ ներկրող գործարարներին ու նրանց թիկունքին կանգնած ուժերին, այլեւ մասնավոր բանկերին ու նրանց տերերին։ Այդ պատճառով վերջիններս առանձնապես չեն դժգոհում դոլարի արժեզրկումից:

«Հայէկոնոմբանկ»-ի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը այսօր հրավիրված ասուլիսում շարունակեց պնդել, թե դոլարն արժեզրկվում է օբյեկտիվ պատճառներով. նախ՝ արտաքին պատճառներով:

«Դոլարի թուլացումը ունի համաշխարհային միտում. երեք ամսվա տվյալներով, դոլարը արժեզրկվել է 8 տոկոսով: Բոլոր երկրները տեղափոխում են իրենց խնայողությունները այլ արտարժույթ», - ասաց Աշոտ Օսիպյանը:

Հայաստանում եւս, ըստ նրա, դոլարի պահանջարկը ընկել է. սեզոնային պատճառներով՝ «ազի սպառման ծավալները կտրուկ նվազել են: Մյուս հանգամանքը տրանսֆերտների ավելացումն է. միայն «Հայէկոնոմբանկ»-ի համակարգում մայիսին նախորդ տարիների մայիս ամսվա համեմատ դոլարային տրանսֆերտները ավելացել են 35 տոկոսով»:

«Հայէկոնոմբանկ»-ի կանխատեսումներով առաջիկայում եւս դոլարի արժեզրկումը կշարունակվի. իսկ թե դա որքան կտեւի, Օսիպյանը դժվարանում է ասել: «Մեր գնահատումներով, միտումը շարունակվելու է: Եթե կարողանայի գնահատել մինչեւ վերջ, կլինեի ամենաերջանիկ մարդը Ջորջ Սորոսից հետո», - նշեց Աշոտ Օսիպյանը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG