Մատչելիության հղումներ

«Մելտեքս» ընկերության նախագահ Մեսրոպ Մովսիսյանը այսօր հայտնել է, որ «Ա1+» հեռուստաընկերությունը մեկ շաբաթվա ընթացքում Գրիգոր Լուսավորչի փողոցից կտեղափոխվի Բուզանդի փողոցում կառավարության կողմից հատկացված տարածքը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հաղորդեց Մեսրոպ Մովսիսյանը, նման համաձայնություն է ձեռք բերվել արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի միջամտությամբ այն բանից հետո, երբ այսօր հեռուստաընկերության տարածք էին ժամանել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները, որոնք պահանջել են ազատել տարածքը:

Մեսրոպ Մովսիսյանը հույս է հայտնել, որ մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր կլինի կարգի բերել նոր տարածքը:

Հեռուստաընկերության տեղափոխման խնդիրը ծագել է այն բանից հետո, երբ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան պահանջել է «Ա1+»-ից ազատել Գրիգոր Լուսավորիչ 15 հասցեում գտնվող տարածքը, որը պատկանում է ակադեմիային:

«Ա1+»-ը եթերից զրկվել է 2002 թվականին եւ այն ժամանակից ի վեր բազմիցս մասնակցել է կապուղիների համար մրցույթներին, սակայն չի հաղթել: Վերջին մրցույթի արդյունքներն ամփոփվել են մայիսի 25-ին:

Սահմանված նորմերի համաձայն, հանձնաժողովը պետք է տասնօրյա ժամկետում «Մելտեքս» ընկերությանն ուղարկեր մերժման պատճառների եւ հիմնավորումների վերաբերյալ որոշման պատճեն, սակայն ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասել էր «Ա1+» հեռուստաընկերության պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանը, հունիսի 5-ի դրությամբ, իրենք չեն ստացել ոչ մի պատճառաբանություն: Այսօր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը տեղեկացրել է, որ իրենք ժամկետը լրանալուց անմիջապես հետո հատուկ փոստով ուղարկել են համապատասխան փաստաթուղթը, սակայն նշված հասցեում, որտեղ գրանցված է «Մելտեքս» ընկերությունը, ոչ ոք չի եղել:

«Երեկ հանձնաժողովը ստացել է հատուկ փոստի վերադարձը: Եթե երկու անգամ առաքումը իրականացնելուց հետո հասցեատերը չի ստանում պատվիրված նամակը, վերադարձվում է հասցեատիրոջը՝ այդ մասին նրան տեղեկացնելով», - նշել է Գրիգոր Ամալյանը:

Այն հարցին, թե արդյո՞ք պարոն Ամալյանին հայտնի չէ, «Ա1+»-ի աշխատանքային հասցեն, որտեղ այն փաստացի գործունեություն է ծավալում, այսինքն՝ Գրիգոր Լուսավորչի 15-ը, Գրիգոր Ամալյանը պատասխանեց՝ «Ամեն ինչ արված է օրենքի սահմաններում եւ նամակի վրա նշվել է ընկերության իրավաբանական հասցեն»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG