Մատչելիության հղումներ

Կաճեն աշխատավարձերը եւ ռազմական ծախսերը


Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը հայտնել է, որ ներկայումս 15 հազար դրամ կազմող նվազագույն աշխատավարձը երեք տարվա ընթացքում կկրկնապատկվի՝ «Յուրաքանչյուր տարի ավելացվելու է 5 հազար դրամով, եւ 2009 թվականին Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափը կկազմի 30 հազար դրամ», - ասաց Պավել Սաֆարյանը:

Կառավարության կանխատեսումներով քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձը երեք տարվա ընթացքում 30 հազարից կհասնի 40 հազար դրամի, իսկ միջին աշխատավարձն այդ բնագավառում երեք տարվա ընթացքում կհասնի 124 հազար դրամի։ «Ինչ վերաբերում է կենսաթոշակներին ու նպաստներին, ապա յուրաքանչյուր տարի դրանք կավելանան 2000-ական դրամով», - ասաց փոխնախարարն ու հավելեց, թե «նախկին խորհրդային երկրների համեմատ Հայաստանում վճարվող կենսաթոշակները նորմալ են»։

Առաջիկա տարիներին կշարունակվեն աճել նաեւ ուսուցիչների աշխատավարձերը։ Փոխնախարարի փոխանցմամբ՝ արդեն 2007 թվականին ուսուցչի միջին աշխատավարձը ներկայիս 58.300 դրամից կհասնի 69.600 դրամի, որը հետագա տարիներին եւս աճելով, 2009-ին կհասնի շուրջ 82 ու կես հազար դրամի։ Ավելի առաջանցիկ տեմպերով կաճեն դպրոցների տնօրենների ու ուսմասվարների աշխատավարձերը։

Կառավարությունը ծրագրում է առաջիկա տարիներին լրջորեն ավելացնել պաշտպանության ոլորտի հատկացումները. արդեն եկող տարվա պետական բյուջեով այս տարվա համեմատ լրացուցիչ հատկացված 46 միլիարդ դրամից 16 միլիարդը կուղղվի պաշտպանության բնագավառ։ Պավել Սաֆարյանը, թվարկելով ռազմական ծախսերի առաջանցիկ աճի պատճառները, այսպիսի փաստարկներ բերեց՝ «Մեր գերակայությունների մեջ, հայտնի պատճառներով, պաշտպանական ոլորտը առաջնային է համարվում: Պաշտպանության նախարարության համար ացյալ եւ այս տարի նախատեսել ենք ՀՆԱ-ի 3 տոկոսից մի փոքր ավելին հատկացնել: Եվ երրորդ հանգամանքը՝ մեր հարեւանների հատկացումների տեմպերն են:Կարծում եմ, այս գումարները բավարար են, որ պաշտպանական առումով պահպանվի որոշակի հավասարակշռություն»:

Եթե ելնենք այս կանխատեսումներից, եկող տարի Հայաստանի ռազմական ծախսերը լավագույն դեպքում կկազմեն 220 միլիոն դոլար: Ադրբեջանը ծրագրում է հաջորդ տարի իր բանակին մոտ մեկ միլիարդ դոլարի ռազմական հատկացումներ անել։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG