Մատչելիության հղումներ

Պիտեր Սեմնեբի. «Դեռ հույս ունեմ, որ հակամարտությունը կկարգավորվի»


Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին ոչ լավատես է, ոչ էլ հոռետես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ:

«Ես չեմ ցանկանում ասել, թե լավատես եմ, քանի որ մինչեւ հիմա հոռետեսներն են իրավացի եղել այս հակամարտության հարցում: Բայց դա չի նշանակում, որ հույսը պետք է կորցնել: Պետք է միշտ հույս ունենալ, եւ ես դեռ հույս ունեմ, որ այս հակամարտությունը շուտով կկարգավորվի: «Հիմա այնպիսի պահ է, երբ երկու երկրներում ներքին խնդիրներ չկան: Հիմա այնպիսի ժամանակ է, երբ Եվրամիությունը ավելի ուժեղ շահագրգռություն ունի տարածաշրջանում, Հարավային Կովկասը ընդգրկելով Եվրոպական հարեւանության քաղաքականության մեջ»,֊ - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Պիտեր Սեմնեբին:

«Եվրամիությունը քաղաքական ազդանշան ուղարկեց տարածաշրջան, երբ փոխեց իր ներկայացուցչի դերակատարությունը: Նոր ներկայացուցիչը Հարավային Կովկասում այժմ ավելի ակտիվ դեր ունի հակամարտության կարգավորման գործում»,֊ - նշել է Պիտեր Սեմնեբին:

«Եվրամիությունը պատրաստ է լուրջ ֆինանսական օգնություն հատկացնել հակամարտության գոտու վերականգնման համար: Երբ Եվրամիության գործողությունների ծրագիրը ուժի մեջ մտնի 2007 թվականին, Եվրամիության ֆինանսական նոր հեռանկարների պայմաններում շոշափելի ռեսուրսներ կլինեն տարբեր բնագավառների համար, այդ թվում նաեւ հակամարտությունների կարգավորմանը վերաբերող, եւ եթե կողմերի միջեւ համաձայնություն ձեռք բերվի, կան արագ արձագանքման համար նախատեսված շոշափելի ֆոնդեր, որոնք Եվրամիությունը կարող է տրամադրել երկու երկրների կառավարություններին՝ ավերածությունները վերացնելու նպատակով»:

«Հենց որ հակամարտությունը կարգավորվի, Եվրամիության տրամադրության տակ եղած բոլոր այն ռեսուրսները, որոնց մասին ես խոսեցի, անմիջապես կհատկացվեն», - նշել է եվրոպացի դիվանագետը:

Սեմնեբիի վկայությամբ՝ Եվրամիությունը հետաքրքրված է ղարաբաղյան թնջուկի հանգուցալուծմամբ, նաեւ հաշվի առնելով այդ կազմակերպության ընդլայնման հեռանկարները: Շատ շուտով Եվրամիությանը կանդամակցեն եւս երկու երկրներ Սեւծովյան տարածաշրջանից՝ Ռումինիան եւ Բուլղարիան: Եվրամիությունը սկսել է անդամակցության բանակցությունները Թուրքիայի հետ: Այս պայմաններում արդեն Հարավային Կովկասը այլեւս ինչ֊որ վերացական ու հեռավոր տարածաշրջան չէ: «Այն դառնում է Եվրամիության համար անմիջական մտահոգություն: Այն էներգետիկ ռեսուրսների համար կարեւոր շրջան է»:

Պիտեր Սեմնեբին հայտնեց, որ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ Եվրամիությունը քննարկում է նաեւ Հարավային Կովկասի հակամարտությունները: «Դրանք անմիջական հարցեր են Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում»:

Խոսելով Հարավային Կովկասի ժողովրդավարացման մասին, Պիտեր Սեմնեբին ասաց՝ «Մենք Հարավային Կովկասի երկրները համարում ենք գործընկերներ: Իսկ ի՞նչ պետք է անել գործընկերների հետ՝ պետք է քննարկել խնդիրները, համաձայնեցնել, թե ի՞նչ պետք է արվի: Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հարցերը Եվրամիության հարեւանության ծրագրի կարեւոր մասերից են: Կարծում եմ, որ Եվրամիությունը ապացուցել է, որ փոփոխություններ կատարելու զգալի կարողություն ունի, եւ ես հավատում եմ, որ Եվրամիությունը իր տրամադրության տակ եղած «մտրակի եւ բլիթի» լծակներով «Նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում կարող է փոփոխություններ ապահովել նաեւ Հարավային Կովկասում»:

«Եվրամիությունը չի կարող Հարավային Կովկասին առաջարկել անդամակցության քաղցրաբլիթը: Բայց, կարծում եմ, կան դրա նման այլ միջոցներ, որոնք հաջողությամբ կիրառվել են Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում: Դրանք կարող են կիրառվել նաեւ Հարավային Կովկասում»,֊ - եզրակացրեց Պիտեր Սեմնեբին:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG