Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Քոչարյան-Ալիեւ բուխարեստյան բանակցությունների արդյունքներին, ասել է. - «Ես կարծում եմ, որ ադրբեջանցիները կարծես թե կորցնում են խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու իրենց հնարավորությունը»:
Թերթի մատուցմամբ, թեեւ նախարարը չմասնավորեցրեց, թե ինչ նկատի ունի, բայց այս հայտարարության հնարավոր վերծանություններից մեկը կարող է լինել հետեւյալը. - «Ադրբեջանը, ի տարբերություն մեզ, խնդրի կարգավորման հարցում որդեգրել է կոշտ եւ առավելապաշտական մոտեցում: Եթե այդպես շարունակվի, բանակցելն այլեւս անիմաստ կլինի»:

«168 ժամ»-ն էլ ներկայացնում է Սերժ Սարգսյանի հայտարարության վերծանության իր տարբերակը. - «Նախարարն ակնհայտորեն նկատի ունի, որ ադրբեջանցիները հնարավորություն ունեին խաղաղ ճանապարհով վերադարձնել Ղարաբաղի հարակից մի քանի շրջաններ, սակայն հրաժարվել են դրա դիմաց համապատասխան զիջումներ անել: Այն է՝ ճանաչել ԼՂՀ բնակչության ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչեւ լիակատար անկախություն»: «Այլ կերպ ասած՝ «տարածքներ անկախության դիմաց» ծրագիրն իսկապես օրակարգում է եղել, բայց մերժվել է Ադրբեջանի կողմից», - եզրակացնում է մեկնաբանը:

«Առավոտ»-ի հարցազրույցում Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը ասում է. - «Եթե մարդկային լեզվով ներկայացնենք այս ամբողջ բանակցային գործընթացը մի նախադասությամբ, կստացվի՝ Հայաստանն ասում է. ես պատրաստ եմ փոխզիջումների, Ադրբեջանն ասում է՝ ես պատրաստ եմ փոխզիջումների, որոնք կանեն միայն հայերը: Կամ՝ Ադրբեջանն ասում է. ես պատրաստ եմ փոխզիջումների, բայց հարցի լուծումը պետք է լինի միայն մեր տարածքային ամբողջականության շրջանակներում: Այսինքն՝ ասում է. ես պատրաստ եմ զիջումների, բայց չեմ անելու զիջումներ: Սա է պատճառը, թե ինչու են հանդիպումներն ամեն անգամ անցնում այդպիսի ջերմ մթնոլորտում, բայց առանց որեւէ արդյունքի»: Թղթակցի հարցին էլ, թե Իլհամ Ալիեւն անընդհատ հայտարարում է, թե երբեք, թեկուզ 100 տարի հետո, չեն համաձայնի որեւէ լուծման, որի արդյունքում Ղարաբաղը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմից դուրս, Վահան Հովհաննիսյանը պատասխանում է. - «Դե, ուրեմն՝ հաջողություն նրա աշխատանքներին: Թող գնա նավթ ծախի»:

Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի երեւանյան նիստի մասնակից, ադրբեջանցի պատվիրակ, Սիսիանի Ուռուտ գյուղում ծնված Մուսա Գուլիեւը «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում ասում է. - «Հայաստանը ես իմ հայրենիքը չեմ համարում, նույնիսկ եթե այստեղ եմ ծնվել ու այստեղ մեծացել»։ - «Այնուամենայնիվ, այդքան տարի ապրել եք Հայաստանում. նոստալգիա չե՞ք զգում մեր երկրի հանդեպ», հարցին, Գուլիեւը ասում է. - «Հայաստանի հանդեպ՝ ոչ, բայց իմ հայրական գյուղի՝ Ուռուտի հանդեպ կարոտի զգացում կա»։ Հարցին՝ «Դուք ազատ շրջել եք Հայաստանում, ձեր անվտանգությանը որեւէ բան չի սպառնացել, ձեր մուտքը երկիր չեն դիմավորել հակաադրբեջանական ակցիաներով ու պլակատներով։ Ինչո՞ւ, երբ հայկական որեւէ պատվիրակություն է գալիս ձեր երկիր, անմիջապես բարձրանում է հակահայկական հիստերիա», ադրբեջանցի պատգամավորը պատասխանում է. - «Իսկ ի՞նչ պետք է անեն այստեղ՝ դեպուտատին պետք է գնդակահարե՞ն։ Ինչ վերաբերում է հայկական պատվիրակությունների հանդեպ վերաբերմունքին իմ երկրում, ապա դա բոլորովին այլ հարց է՝ զավթված են մեր տարածքները, կան մեծ թվով փախստականներ, եւ բնական է, որ ժողովրդի տրամադրությունն այլ պետք է լինի»։ Հարցազրույցում Գուլիեւը նաեւ ներկայացնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ադրբեջանական դիրքորոշումը. - «Մենք մեր դիրքորոշումը հստակ ասել ենք՝ ԼՂ հիմնահարցը պետք է լուծվի միջազգային նորմերի համաձայն, եւ այդ շրջանակում Ադրբեջանը Ղարաբաղին պատրաստ է տալ ինքնավարության ամենաբարձր աստիճան»։ - «Սակայն Հայաստանի նախագահը հստակ հայտարարեց, որ ինքնավարության որեւէ աստիճանի Ղարաբաղը եւ Հայաստանը չեն համաձայնի», - հարցնում է թղթակիցը։ - «Եթե չեն համաձայնի, պատասխանեմ կատակով, կսպասենք հաջորդ նախագահին», - ասում է ադրբեջանցի պատվիրակը:

«Առավոտ»-ի դիտարկմամբ. - «Ադրբեջանցի խորհրդարանականը հայ լրագրողների առաջ բավականին հանդուգն էր իրեն պահում եւ մեկը մյուսի ետեւից կտրուկ հայտարարություններ էր անում, մասնավորապես նաեւ այն, որ ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու պատճառով Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային ծրագրերից»:

«Հայոց Աշխարհ»-ն էլ ներկայացնում է Ադրբեջանի պատվիրակության անդամ Ասադ Հաջիեւի պատասխանները հայ լրագրողների հարցերին, որտեղ վերջինս պնդում է. - «Ղարաբաղի հայերը չէին կարող ունենալ ինքնորոշման իրավունք Ադրբեջանից, քանզի այդ դեպքում նույն իրավունքը պետք է կիրառեն Լոս Անջելեսի հայերը՝ Ամերիկայից անջատվելու նախաձեռնություն դրսեւորելով»։ - «Իսկ Չեռնոգորիայի անջատումը Սերբիայից սրանց համար նախադեպ չէ», - շարունակում է թերթը. - «Ադրբեջանցիները ոչ մի կերպ չեն ուզում այդտեղ տեսնել ակնհայտ տրամաբանական կապը։ Որովհետեւ, Հաջիեւի կարծիքով. «Եթե Չեռնոգորիան եւ Սերբիան որոշել են բաժանվել, մենք հարգում ենք այդ ընտրությունը։ Բայց եթե Հայաստանը գտնում է, որ Ղարաբաղն իր տարածքն է, ի՞նչ ինքնորոշում»։ Հարցուպատասխանները արձագանքելով, «Հայոց Աշխարհ»-ը ավարտում է. - «Դե, ինչ, ադրբեջանական կողմը որդեգրել է շատ ձեռնտու մարտավարություն։ Նրանք, ինչպես հայտնի է, չեն երաշխավորում Բաքվում անցկացվող որեւէ միջազգային ֆորումի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչների անվտանգությունը։ Իսկ իրենք գալիս են Երեւան եւ վստահ, որ գլխներից անգամ մազ չի պակասի, մեր տանը մեզ հետ խոսում հաղթողի դիրքերից, համարձակվում դիտողություններ անել ու խորհուրդներ տալ, թե մեզ ինչպես պահենք»։


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG