Մատչելիության հղումներ

logo-print

Արման Մելիքյան. «Բուխարեստում համաձայնություն ձեռք բերելու նախապայմաններ չկային»


«Չկային այն նախապայմանները, որոնք հնարավորություն կընձեռեին որեւէ համաձայնության գալու: Կողմերի մոտեցումները խնդրին առայժմ էականորեն տարբերվում են. կան հիմնական մի քանի հարցեր, որոնց համաձայնեցումը այսօր անհնար է», - պատասխանելով Բուխարեստում կայացած բանակցությունների մասին հարցին, «Ազատություն» ռադիոկայանին ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական Արման Մելիքյանը:

«Հարցը մեկն է՝ Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, սակայն այս հարցի շուրջ որեւէ դրական քայլի գնալու միտումներ Ադրբեջանը ցույց չի տալիս: Չլինի համաձայնություն այս հարցի շուրջ, չի լինի նաեւ համաձայնություն մնացյալ բոլոր հարցերում», - համոզված է Արման Մելիքայնը:

Նրա կարծիքով, եթե Ղարաբաղը մասնակցի բանակցություններին, յուրաքանչյուր կողմ պատասխանատու կլինի իր հատվածի համար: Ավելին՝ «Հայաստանը այսօր Ղարաբաղի համար պատասխանատու լինել չի կարող: Պատասխանատու կարող է լինել միայն ԼՂՀ բարձրագույն իշխանությունը, որին լիազորել է ժողովուրդը», - ասում է Արման Մելիքյանը:

Արաձագանքելով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե «Հայաստանի բացի, ամբողջ աշխարհը, միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը, Եվրախորհուրդը չանաճել են Ադրբեջանի տարածքյաին ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդականն ասաց, որ «Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ բլեֆի տոկոսը մոտենում է 100-ին, դա վերաբերում է եւ’ նավթային քաղաքականությանը, ե’ւ երկրի տարածքային ամբողջականությանը վերաբերող մեկնաբանություններին»:

Արցախի Դաշնակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար Ժիրայր Շահիջանյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել էր, որ Դաշնակցությունը շարունակելու է պնդել, որ դեկտեմբերին հանրաքվեով ընդունվելիք Սահմանադրության տեքստում ամրագրվեն Լեռնային Ղարաբաղի սահմանները, այդ թվում նաեւ, նրա որակմամբ՝ ազատագրված տարածքները:

«Այս հարցի շուրջ որեւէ պաշտոնական տեսակետ ոչ նախագահը, ոչ էլ արտգործնախարարը չեն արտահայտել: Անշուշտ, սա Դաշնակցության կուսակցական մոտեցումն է: Ասեմ, որ տարածքների նկատմամբ այս մոտեցումը ենթադրում է պատասխանատվության ստանձնում տարածքների հանդեպ: Պետք է տեսնել, թե Դաշնակցության հայտարարության բուն հիմնավորումը որն է, ես այդտեղ հիմնավորում չեմ տեսել», - նշեց Արման Մելիքյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG