Մատչելիության հղումներ

Եթերազրկված հեռուստակայանը մերժման հիմնավորում չի ստացել


«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հերթական անգամ ցինիկորեն ոտնահարում է օրենքը», - հայտարարում են «Ա1+» հեռուստաընկերության աշխատակիցները:

Խոսքը վերաբերում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքին, որի 50-րդ հոդվածը հանձնաժողովից պահանջում է որեւէ ընկերության կապուղի տրամադրելուց կամ մերժելուց հետո մրցույթի մասնակիցներին տանսօրյա ժամկետում պատշաճ հիմնավորումներ ներկայացնել եւ բացատրել այդ որոշման պատճառները:

Երկու շաբաթ առաջ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հերթական` արդեն 12-րդ անգամ մերժեց կապուղի ստանալու Ա1+-ի հայտը, իսկ հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը հայտարարեց. - «Միանշանակ արդարացի որոշում էր»:

«Իսկ ինչո՞վ էր հիմնավորված այդ արդարացի որոշումը, ի՞նչ չափանիշներով են ընտրվել կամ մերժվել ընկերությունները», - հարցնում են «Ա1+»-ի լրագրողները: Մրցույթից անցել է երկու շաբաթ, սակայն, հանձնաժողովը, ինչպես պնդում է «Ա1+»-ի պրոդյուսեր Սուսաննա Օհանյանը, դեռ լուռ է:

«Այս անգամ, քանի որ օրենքում կա փոփոխություն, մենք ավելի սրտատրոփ ենք սպասում, թե ինչ հիմնավորում է տրվելու: Արդեն երկու շաբաթ է անցել, եւ մենք ոչ մի տեղեկություն չունենք», - ասաց Սուսաննա Օհանյանը:

Մրցութային առաջարկը ընդունելու կամ մերժելու մասին հիմնավորումներ ներկայացնելու պահանջը օրենքում ամրագրվել էր եվրոպական կառույցների ճնշման տակ: «Այս հարցը շարունակում է մտահոգել Եվրամիությանը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG