Մատչելիության հղումներ

Ռեժիսորները սահմաններ չեն ճանաչում


Այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ընդլայնել է իր սահմաններն ու ընգգրկել «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը: «Ոսկե ծիրան 2006»-ի շրջանակներում` հուլիսի 12-13-ը կկայանա «Ռեժիսորներ առանց սահմանների» երկօրյա սեմինար-աշխատանքային հավաքը, որին կմասնակցեն մոտ 50 կինոգործիչներ Վրաստանից, Իրանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Հոլանդիայից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից:

Համաշխարհային ճանաչում ունեցող կինոռեժիսորներ, կինոարտադրողներ, կինոքննադատներ կներկայացնեն տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ իրենց դիտարկումներն ու համատեղ ծրագրերը:

Կազմակերպիչները հուսով են, որ սեմինարը կհանգեցնի «Ռեժիսորներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության եւ դրա կազմկոմիտեի ստեղծմանը, ինչպես նաեւ «առանց սահմանների» համատեղ ֆիլմերի նախագծերի իրականացմանը:

«Ոսկե ծիրան»-֊ի շրջանակներում կցուցադրվի ֆիլմերի հատուկ ծրագիր, որն ընդգրկում է 20 ֆիլմ 20 երկրներից: Ծրագրում ընդգրկված կինոնկարների թվում է նաեւ ադրբեջանցի կինոռեժիսոր Այաս Սալաեւի «Մոտիկ հեռավոր գյուղը» ֆիլմը:

«Հայ եւ ադրբեջանցի ռեժիսորները սահմանամերձ գյուղերի մասին երկու ֆիլմ են նկարահանել, որոնք կցուցադրվեն զուգահեռաբար` որպես երկու հայացք եւ երկու տեսակետ: Կան նաեւ ֆիլմեր, որոնք արտացոլում են Իսրայելի եւ Պաղեստինի, Բոսնիայի եւ Սերբիայի հակամարտությունը», - ասում է փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:


Սյուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG