Մատչելիության հղումներ

Երեւանում եւ Բաքվում զգուշավոր են արձագանքում բուխարեստյան հանդիպմանը


ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Մեթյու Բրայզան երեկ Բաքվում հայտարարել է, որ «Ղարաբաղյան բանակցությունների սեղանին է բավական լուրջ հույսեր ներշնչող նախագիծ»: Նրա խոսքով, «2006-ը շատ կարեւոր տարի է, քանի որ մյուս տարի Հայաստանի ներքաղաքական կացությունն ավելի բարդ է լինելու»:

Բրայզայի պնդմամբ, ապագա որոշումները Քոչարյանից ու Ալիեւից նախեւառաջ համարձակություն են պահանջում:

«Հույս ունեմ, նրանք կկարողանան այդ համարձակությունը ցուցաբերել», - ասել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը:

Ամերիկյան կողմի լավատեսությունը, սակայն, Երեւանում ու Բաքվում զգուշավոր արձագանքի է արժանանում: Հարցին, թե արդյո՞ք մինչեւ տարեվերջ հնարավոր է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում, Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց, որ դա բացառված չէ, սակայն «նման հանդիպմանը պետք է նախորդի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, նրանց կողմից իրավիճակի քննարկումը եւ վերլուծությունը, այնուհետեւ համանախագահների այցը տարածաշրջան եւ երկու արտգործնախարարների հանդիպումը»:

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի նախկին գլխավոր խորհրդական Վաֆա Գուլուզադեն, մեկնաբանելով ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննի ռոտացիայի մասին տեղեկատվությունը, կարծիք հայտնեց, համանախագների փոփոխությամբ կարգավորման գործընթացի ո'չ իմաստը, եւ ո'չ էլ արդյունքը չի փոխվում:

«Սթիվեն Մաննը լուրջ դերակատար չէ: Նրանից առաջ եղել են Քերի Քավանոն,Դոն Կայզերը, ուրիշներ, բայց ոչինչ չի փոխվել: Միացյալ Նահանգները կնշանակեն նոր համանախագահ, եւ այս պատմությունը կշարունակի նույն կերպ ընթանալ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գուլուզադեն:

Ավելի չափավոր հայացքների տեր մեկ այլ ադրբեջանցի քաղաքագետ՝ Արիֆ Յունուսովը, օրերս ելույթ ունենալով Մոսկվայում, ակնարկեց, թե Մինսկի խմբում այսօր առանցքային դերակատարը ռուս համանախագահ Մերզլյակովն է, որը, ըստ քաղաքագետի` «սաբոտաժի է ենթարկում բանակցությունները»:

Ադրբեջանցի վերլուծաբան Իլգար Մամեդովի գնահատմամբ՝ «համանախագահները սարսափում են այն մտքից, որ բանակցություններ կարող են ընդհանրապես չլինել». - «Այնպես որ բուխարեստյան հանդիպման միակ ինքնանպատակը ցույց տալն էր, որ բանակցային գործընթացը շարունակվում է, այլ ոչ թե ինչ-որ հստակ առաջընթաց արձանագրելը»:

Ի դեպ, առաջընթացի առումով ադրբեջանցի քաղագետները եւս լավատես չեն: Վաֆա Գուլուզադեյի համոզմամբ՝ Ռուսաստանը չի ցանկանում, որ որեւէ համաձայնագիր կնքվի:

«Ռուսաստանին ձեռնտու չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ որեւէ խաղաղ համաձայնագրի կնքում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդել է Գուլուզադեն:

Բաքվում հնչող կարծիքների ֆոնին որոշակիորեն առանձնանում է քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովի տեսակետը. - «Առաջին անգամ երկար տարիների ընթացքում Մոսկվան կառուցողական դիրքորոշում է որդեգրել եւ գործում է Մինսկի խմբում նախագահող մյուս երկու պետությունների հետ համակարգված»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա եւ Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG