Մատչելիության հղումներ

logo-print

«Ֆիթչ» գործակալությունը Հայաստանին տվել է BB- վարկանիշ


Երեկ «Ֆիթչ» ռեյթինգային գործակալությունը Հայաստանի Հանրապետությանը տվել կայուն ապագայի միտված արտաքին եւ տեղական արժույթի թողարկողի BB- վարկանիշը, ինչը միջին վարկանիշ է:

Սա, առաջին հերթին նշանակում է, որ Հայաստանն արդեն ներգրավված է աշխարհի ֆինանսական քարտեզում, եւ Հայաստանի ֆինանսատնտեսական ու քաղաքական ռիսկերը գնահատված են այդ հեղինակավոր միջազգային գործակալության կողմից:

«Հայաստանի սուվերեն վարկային ռեյթինգները պայմանավորված են խոհուն մակրոտնտեսական քաղաքականությամբ եւ նույն ռեյթինգով երկրների հետ լավ համեմատության մեջ գտնվող ներքին եւ արտաքին նվազող պարտքի բեռով», - ասել է «Ֆիթչ»-ի գլխավոր տնօրեն Դեյվիդ Ռեյլին:

Վարկանիշը գնահատելու պատվերը «Ֆիթչ»-ին տվել է Հայաստանի ֆինանսների նախարարությունը, աշխատանքները կոորդինացնել է Հայաստանի կենտրոնական բանկը:

«Այդ համաշխարհային ֆինանսական քարտեզից օգտվողները այսուհետեւ կարող են տեսնել Հայաստանին իր սուվերեն ռեյթինգով, համեմատել այլ երկրների հետ եւ հստակ պատկերացում կազմել, թե ինչպիսի վիճակում է գտնվում մեր տնտեսությունը», - պարզաբանեց Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: - «Մենք ստացել ենք այնպիսի ռեյթինգ, որը համահունչ է Թուրքիայի, Բրազիլիայի եւ Սերբիայի ռեյթինգների հետ, մի աստիճան ավելի բարձր է, քան Իրանի եւ Վրաստանի ռեյթինգները եւ մի աստիճան ավելի ցածր է, քան Ադրբեջանի եւ Մակեդոնիայի ռեյթինգները»:

Անկախ տնտեսագետ Էդուարդ Աղաջանովի կարծիքով, սա սոսկ վարկային ցուցանիշ է, մինչդեռ առավել կարեւոր է հատուկ ներդրումային վարկանիշ ունենալը. - «Լավ կլիներ, որ մենք ստանայինք ներդրումային ռեյթինգ, որ նոր ներդրողներ գային Հայաստան»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG