Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանցի խորհրդարանականները Երեւանում անվտանգության առումով «պրոբլեմ չեն զգում»


Այսօր Երեւանում մեկնարկեց Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 27-րդ նիստը: 11 երկրների 98 պատվիրակների թվում են նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի պատվիրակությունները: Վերջինիս ղեկավար, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ասաֆ Հաջիեւը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ անվտանգության առումով ինքը Հայաստանում «պրոբլեմ չի զգում»:

Պատվիրակության մյուս անդամը՝ Մուսա Գուլիեւը այսօր մեկնել է Սիսիան, որտեղ ծնվել ու բնակվել է մինչեւ 70-ականների վերջը:

«Շատ ադրբեջանցիներ են Հայաստանում ծնվել: Սա եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ այս տարածարջանում խաղաղություն պետք է տիրի», - ասաց Հաջիեւը՝ շարունակելով. - «Պատերազմը երկուսիս էլ լավ բան չի բերի: Ուստի Ղարաբաղյան հարցը արժե հնարավորինս արագ լուծել»:

Նա, անշուշտ, կրկնեց Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը, թե հարցը կարող է կարգավորվել միմիայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 27-րդ լիագումար նիստը կբացվի վաղը, որի ընթացքում քննարկվելիք հարցերից կենտրոնականը կլինի էներգետիկ անվտանգությունը Սեւծովյան տարածաշրջանում: Վաղն իսկ Հայաստանը վեհաժողովում իր նախագահությունը ռոտացիոն կարգով կհանձնի Սդրբեջանին:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG