Մատչելիության հղումներ

Այսօր 666-ն է


Այսօր Հոլիվուդում էկրան կբարձրանա հայտնի «Օմեն» (Կանխանշում) ֆիլմի նոր տարբերակը: Առաջինը հանդիսատեսին ներկայացվել էր 1976 թվականի հունիսի 6-ին: Ֆիլմում կրկին մեջբերվում է Հովհաննեսի հայտնության 18-րդ գլուխը, որտեղ ասվում է. - «Ով որ միտք ունի, թող հաշվե գազանի թիվը, քանզի մարդու մը թիվն է ու անոր թիվը 666-ը»: Այս նախադասությունը այսօր բազմաթիվ մեկնաբանություններ ունի. ոմանք պնդում են, թե հենց այսօր է ծնվելու Նեռը, ոմանց համոզմամբ էլ չարի ու բարու վերջնական պատերազմում կործանվելու է աշխարհը:

Լոնդոնի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի պրոֆեսոր Լուդս Դորինգին, սակայն, երկու մոտեցումներն էլ անհիմն է համարում. - «Հայտնության գիրքը լի է սիմվոլիզմով: Հին քրիստոնյաները ապրում էին այդ սիմվոլիկայով, նրանք այն ուղղակի չէին կապում իրականության, այսօրվա հետ, եւ կարծում եմ, մենք էլ չպետք է կապենք»:

Չնայած մասնագետների հորդորներին, 666-ից խուսափողների թիվը չի պակասում: Բժիշկներն արդեն բնորոշել են այդ վախը որպես հիվանդություն: Ընդ որում, այդ հիվանդությունը տարածվում է ոչ միայն հասարակ մահկանացուների, այլեւ բարձրաստիճան իշխանավորների շրջանում:

Ասում են, Սպիտակ տնից տեղափոխվելուց հետո նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը հրաժարվել է ապրել Լոս Անջելեսի փողոցներից մեկի թիվ 666 տանը: Գործարար աշխարհում պտտվող լեգենդի համաձայն էլ, երբ «Ինտել»-ը 1999 թվականին գործարկել է «Պենտիում 666» համակարգիչը, այն վերանվանել է եւ սպառողներին առաջարկել որպես «Ինտել պենտիում 667»:

Երեք 6-ի զուգակցումից մարդիկ սկսել են վախենալ դեռ 100 տարի առաջ՝ 1906 թվականի հունիսի 6-ին: Պատմաբանների պնդմամբ, սակայն, օրը անցել է խաղաղ եւ առանձնապես ոչնչով աչքի չի ընկել: Իսկ եթե վախը, այնուամենայնիվ, ձեզ հանգիստ չի տալիս, բժիշկները առաջարկում են կանգնել գլխիվայր՝ 666-ը այդ դեպքում կդառնա 999:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG