Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի Դաշնության խորհուրդը մտադիր է դադարեցնել սենատոր Լեւոն Չախմախչյանի լիազորությունները


Ռուսաստանի Դաշնության խորհուրդի նախագահ Սերգեյ Միրոնովը սենատոր Լեւոն Չախմախչյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմում է ուղարկել Կալմիկիայի խորհրդարան:

«Հունիսի 3-ին ես դիմել եմ Կալմիկիայի խորհրդարան՝ սենատոր Չախմախչյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու առաջարկով», - «Ինտերֆաքս»-ին այսօր ասել է Միրոնովը:

Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Կալմիկիան ներկայացնող սենատոր Լեւոն Չախմախչյանի մոտ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները հունիսի 2-ին հայտնաբերել են հատուկ ներկով մականշված 300 հազար դոլար: Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցները Հաշվիչ պալատի ղեկավար Սերգեյ Ստեպաշինի հրահանգով իրականացնում էին օպերացիա, որի նպատակն էր ստուգել բարձրաստիճան պաշտոնյաների կաշառառության մասին տեղեկատվությունը:

Լեւոն Չախմախչյանը կատարվածը գնահատում է որպես սադրանք: «Սա իմ դեմ ուղղված սադրանք է, որը կազմակերպել է Ռուսաստանի ավիաընկերություններից մեկի տնօրենը», - «Ինտերֆաքս»-ին ասել է սենատորը:

Լեւոն Չախմախչյանը Ռուսաստանի աշխատավորների ինքնակառավարման կուսակցության առաջնորդն է եւ Ռուս-հայկական գործարար համագործակցության ընկերակցության (ԱՐԱԴԵՍ) կազմկոմիտեի նախագահը:

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ դատախազության եւ Ավնտագության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել են ԱՐԱԴԵՍ-ի գլխավոր հաշվապահ Իգոր Արուշանովը եւ Ռուսաստանի հաշվիչ պալատի աշխատակից Արմեն Հովհաննիսյանը, ովքեր մեղադրվում են խոշոր չափերի մեքենայությունների մեջ:

Հունիսի 2-ին Ռուսաստանի Դաշնության խորհուրդը դադարեցրեց եւս մի հայազգի սենատոր՝ Խակասիան ներկայացնող Արկադի Սարգսյանի լիազորությունները: Ըստ «Ռեգնում» գործակալության, Արկադի Սարգսյանը մեղադրվում էր այն բանում, որ կարգապահ չէր. նա չէր ներկայացել նիստերի 40 տոկոսին:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG