Մատչելիության հղումներ

Դատախազությունն առայժմ չի արձագանքել «Իրավունք» շաբաթաթերթի նամակին


«Իրավունք» շաբաթաթերթը, որի թղթակցին անցած շաբաթ հայհոյել ու սպառնացել էր Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը (պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եղբայրը) մինչեւ այսօր որեւէ արձագանք չի ստացել Հայաստանի գլխավոր դատախազություն, ոստիկանություն եւ ազգային անվտանգության ծառայություն հասցեագրված նամակներին:

Շաբաթաթերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանի խոսքերով, դա «նորմալ» է, քանի որ դատախազությունն «իր գլխից ձեռք չի քշել, որպեսզի պաշտպանության նախարարի եղբոր դեմ քրեական գործ հարուցի»:

Բաբուխանյանը, այդուհանդերձ, ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց նաեւ, որ իրենք, Քրեական օրենսգքրի 176-րդ հոդվածի համաձայն, հաղորդել են հանցագործության մասին, եւ դրա հիման վրա դատախազությունը պետք է կա’մ մերժի, կա’մ քրեական գործ հարուցի:

«Դատախազությունը կլանի դեմ չի կարող դուրս գալ: Այն կլանի շահերն է պաշտպանում», - ասաց նա՝ հավելելով, որ շաբաթաթերթը կսպասի եւս մեկ շաբաթ, ինչից հետո արդեն կհայտարարի, թե «ինչ միջոցներով եւ որ ամբիոնից այս հարցը կբարձրացվի»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան, գլխավոր դատախազությունից փոխանցեցին, որ խնդրի շուրջ պաշտոնական մեկնաբանությունը կհրապարակվի գալիք երկուշաբթի:

Ալեքսանդր Սարգսյանը, մինչդեռ, կարծես թե, փորձում է հաշտվել «Իրավունք» շաբաթաթերթի խմբագրակազմի ու լրագրող Թագուհի Թովմասյանի հետ:

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, երեկ Ալեքսանդր Սարգսյանը Ազգայի ժողովում հանրապետական պատգամավոր Վազգեն Կարախանյանի միջնորդությամբ հաշտության փորձեր է արել: Սարգսյանը Թագուհի Թովմասյանի մեղմ տոնով ասել է, թե չի ցանկացել վիրավորել նրան. պարզապես նյարդերն են տեղի տվել, քանի որ «Իրավունք»-ի հրապարակման մեջ իր անունը կապվել է A320-ի վթարի հետ:

Նշված հրապարակման մեջ Թովամսյանը տեղեկացրել էր, որ մայիսի լույս 3-ին աղետի ենթարկված A320 օդանավի ուղեւորներից 30-ը մինչեւ օդանավ բարձրանալը մասնակցել են ռուսաստանյան հայտնի մի «հեղինակության» 50-ամյակի առթիվ կազմակերպված խնջույքին, որի ընթացքում Ալեքսանդր Սարգսյանը ինչ-որ խոշոր գումարի համար վեճի է բռնվել («ռազբորկա» է արել) ռուսաստանցի հայտնի հեղինակության հետ:

Սարգսյանը ասել է նաեւ, թե իսկապես այդ օրը եղել է «Շանթ» ռեստորանում, բայց՝ ընդամենը 25 րոպե:

Ալեքսանդր Սարգսյանը, այդուհանդերձ, լրագրողից ներողություն չի խնդրել. նրա փոխարեն դա արել է Վազգեն Կարախանյանը:

«Սահմանադրական իրավունք» միության նախագահ, պատգամավոր Հրանտ Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ երեկ հանդիպում է ունեցել Ալեքսանդր Սարգսյանի հետ:

«Ես հայտնեցի իմ մտահոգությունը, որ մենք բոլոր հիմքերը ունեինք զգուշանալու մեր լրագրողի համար», - ասաց Հրանտ Խաչատրյանը՝ հավելեով, որ Սարգսյանին նաեւ ասել է, որ ինքը հրապարակայնորեն է վիրավորել ու սպառանցել իրենց լրագրողին, այնպես որ հրապակայնորեն էլ պետք է զղջա:

«Ինձ կբավարարի ցանկացած հայտարարություն, որը կվերացնի Թագուհի Թովմասյանի նկատմամբ իմ ակնկալած վտանգները», - եզրափակեց Հրանտ Խաչատրյանը:

«Իրավունք»-ի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը, սակայն, կարծում է, որ Ալեքսանդր Սարգսյանը հոգու խորքում երբեք չի զղջա: Հնարավոր է, որ նրան «պարտադրում են կամ խորհուրդ են տալիս դա անել»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG