Մատչելիության հղումներ

logo-print

Զգեստապահարանը թարմացնելու ժամանակը


Դիզայներ Նեկտար Վասիլյանի կարծիքով, այս տարի զգացվում է ութսունականների շունչը՝ հատկապես նորաձեւ գործվածքի առումով:

«Այս ամռանը, ինչպես եւ ութսունականներին, գերիշխում է տրիկոտաժը ցանկացած տարբերակով: Նաեւ կրկին նորաձեւ է ազգային տարազի տարրերով հագուստը»,֊- ասում է դիզայները:

Ինչ վերաբերում է գույներին, այս ամռանը եւ առհասարակ այս տարի նորաձեւ են սեւն ու սպիտակը, այնպես որ վառ գույներից հիմնականում խուսափող հայ տղաները կարող են հանգիստ սպիտակ հագուստ կրել:

Մեր աղջիկներից շատերն էլ այս ամառ մասամբ մերկանալու տրամադրություն ունեն` հատկապես հաշվի առնելով արդեն գերիշխող շոգ եղանակը: Աղջիկները խոստանում են չհիասթափեցնել տղաներին ու բացել արեւի ջերմությանն ու կրքոտ հայացքներին կարոտ ոտքերը՝ կարճ շրջազգեստներ կամ կիսավարտիքներ կրել:

Դիզայներ Նեկտար Վասիլյանը, ով ստաժավորում է անցել ֆրանսիացի դիզայներ Կլոդ Բանուչիի մոտ եւ հնարավորություն է ունեցել ուսումնասիրել ֆրանսիական նորաձեւությունը, ասում է, որ նախորդ տարիների համեմատ հայաստանցի երիտասարդների մոտ «նորաձեւ ու ճաշակով հագնվելու մեծ առաջընթաց է նկատվում». - «Պարզապես նրանց մոտ շարունակում է պահպանվել որոշ զսպվածություն ու կաշկանդվածություն»:

«Ֆրանսիայում հաճախ կտեսնեիր տաբատ, վրայից շրջազգեստ եւ բլուզ հագած աղջիկների, եւ ոճերի այս խառնուրդը միանգամայն գեղեցիկ է հենց միայն այն պատճառով, որ աղջիկը այդ հագուստի մեջ իրեն շատ լավ է զգում: Իսկ մեր երիտասարդների մոտ դեռ չհասկացված լինելու վախ կա, դեռ պահպանվում են հագնվելու հետ կապված բարդույթները: Բայց չէ՞ որ երիտասարդ են, թող ազատ կրեն այն ամենը, ինչը զգում են, որ իրենցն է, ինչը համապատասխանում է իրենց բնավորությանը», -֊ ասում է դիզայները:


Սյուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG