Մատչելիության հղումներ

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հինգշաբթի օրը կրկին հերքել է, թե որեւէ առնչություն ունի «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության ստեղծմանը:

«Ես կուսակցական շինարարությամբ չեմ զբաղվում. բազում անգամներ ասել եմ», - երեկ պնդեց Աղվան Հովսեփյանը: - «Իսկ մի բան կարելի է ասել մի անգամ՝ բոլորը հասկանան, մի բան կարելի է ասել տասը անգամ՝ բոլորը չհասկանան»:

Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը այս շաբաթ ավելի վաղ՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունը ստեղծում է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, «Ազատություն» ռադիոկայանին ասել էր. - «Դատախազն իրավունք չունի քաղաքական կուսակցություն ստեղծելու՝ ո'չ ուղղակի, ո'չ անուղղակի: Երկիրը նրան չպիտի թույլ տա»:

Հրանտ Մարգարյանը, ճիշտ է՝ առանց մանրամասնելու, թե ում նկատի ունի, նաեւ ասել էր, թե «Հայաստանում կան մարդիկ, որոնք իրենց համարում են այսինչ մարզի ֆեոդալը: Խոսքը Արագածոտնի մարզի մասին է»:

Արագածոտնի մարզի կազմի մեջ մտնող Ապարանի շրջանում դատախազը, ով նաեւ «Նիգ - Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահն է ունի բազմաթիվ կողմնակիցներ:

Այս կապակցությամբ Աղվան Հովսեփյանը արձագանքեց. - «ժողովուրդը լավ գիտի՝ ով ով է»:

Հայաստանի գլխավոր դատախազը «Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանեց երեկ Երեւանում Փորձագիտությունների ազգային բյուրոյի առաջին մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունից հետո: Այն վերանորոգվել է ԱՄՆ-ի կառավարության աջակցությամբ՝ ներդրվել է 345 հազար դոլար:

Բացման արարողությանը մասնակցում էր նաեւ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Էվանսը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG