Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Իսկ արդյո՞ք այսօր Հայաստանում երեխաները պաշտպանված են: Միջին հայաստանցին այս հարցին պատասխանելիս կասի` նայած ում երեխան»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթը արտատպել է Հայաստանի առաջին տիկին Բելա Քոչարյանի հարցազրույցը «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի թղթակցի հետ: Բելա Քոչարյանը, լայն անդրադարձ կատարելով մանկության, դաստիարակության, կրթության խնդիրներին, նաեւ ասում է. - «Ես մեծ պատասխանատվություն եմ զգում ընդհանրապես երկրի նկատմամբ: Ես իմ անձնական մասնակցությունն եմ զգում այդ ամենին: Եվ ինձ համար միեւնույն չէ, թե ինչ կլինի երկու տարի հետո: Ես մտածում եմ այդ մասին. ինչ կլինի, երբ այլ նախագահ լինի: Կցանկանայի, որ ժամանակների հաջորդականությունը շարունակվեր: Պետք է այնպես անել, որ հիմք լինի, բազիս: Թեկուզ այն հիմքը դրվի, որպեսզի այնուհետեւ ամեն ինչ ընթացքի մեջ ընկնի»:

Անդրադառնալով Ազգային ժողովի նոր նախագահի ընտրությանը, «168 ժամ»-ը ամփոփում է. - «Այսպիսով, հանրապետության երկրորդ եւ երրորդ պաշտոնյաները (ԱԺ նախագահն ու վարչապետը) կլինեն նույն կուսակցությունից: Բայց սա, իհարկե, չի նշանակում, թե իշխանությունների ներսում ուժերի հարաբերակցությունը փոխվել է: Կամ՝ գրեթե չի նշանակում: Այսպես թե այնպես, Հայաստանում իշխանությունը խիստ կենտրոնացված է քաղաքական մի ուժի ձեռքում, եւ այդ ուժը կուսակցություն չէ»:

«Պարզ է, որ հերթական ընտրություններում բողոքական ընտրազանգվածի այն հատվածի ձայները, որոնց հավակնում է «Ազգային միաբանություն»-ը, կարող են մասամբ անցնել «Օրինաց երկիր»-ին ու նրա առաջնորդին։ Սա լուրջ սպառնալիք է «Ազգային միաբանության» համար նաեւ այն պատճառով, որ, այսպես կոչված, «գեղամյանական էլեկտորատը», ինչպես հայտնի է, չնայած հստակ, բայց միաժամանակ խիստ սահմանափակ է, ուստի նրա հետագա կոտորակումը ուղղակի մահացու սպառնալիք է դառնում», - գրում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը՝ եզրակացնելով. - «2006-ի քաղաքական գարունը ցույց է տալիս, որ տարվա երկրորդ կեսին ներքաղաքական պայքարը ընթանալու է սոսկ առանձին քաղաքական ուժերի կոնկրետ հավակնությունների հստակեցման, մեկը մյուսից՝ հավանական ընտրազանգված խլելու, այսինքն՝ «հորիզոնական հարաբերությունների» հարթության վրա։ Յուրաքանչյուրը պայքարելու է իր տեղի, իսկ բոլորը միասին խաղի մեջ մնալու համար»։

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը «Առավոտ»-ում հայտնում է. - «Ընդհանուր առմամբ՝ կուսակցությունից այս պահի դրությամբ դուրս է եկել 84 մարդ, բայց, անկեղծ եմ ասում, 1800 մարդ այս փորձության օրերին անդամակցել են ՕԵԿ-ին»:

««Գործարար» անունով խումբ ձեւավորելը այն դեպքում, երբ Հայաստանում պատգամավորներին Սահմանադրությամբ արգելվում է գործարար լինել, ինքնին աբսուրդ է», - գնահատում է «Հայկական ժամանակ»-ը: Նշելով, որ «Գործարար» պատգամավորական խմբի ներկայացուցիչներից միայն մեկի բիզնեսն է, որ ներառված է 1000 խոշոր հարկատուների ցանկում՝ թերթը հեգնում է. - «Հաստատ կարելի է պնդել, որ այս խմբում ներառված պատգամավորները ամբողջ թափով կպայքարեն Հայաստանում ստվերային տնտեսությունը արմատախիլ անելու եւ բիզնեսը հարկային դաշտ տեղափոխելու համար»:

Արձագանքելով վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանի հայտարարություններին, թե «բիզնեսը միշտ էլ լինում է իշխանության կողքին», եւ «գործարարին միշտ դժվար է լինել ընդդիմադիր դաշտում»՝ «ՍԻԼ» կոնցեռնի պատվավոր նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը «168 ժամ»-ում ասում է. - «Իսագուլյանը չգիտեմ ինչ է ասում, վարչապետն էլ չգիտեմ ինչ է ասում, բաից ես մի բան գիտեմ. ցանկացած դեպքում, եթե նույն իշխանություն ասածը կամ իշխանության մի պաշտոնյա, որն այս պետության նկատմամբ սխալ քաղաքականություն կամ սխալ գործողություն կկատարի, տո ես իր հերն եմ անիծել: Ինքն ամենափիս ձեւով էլ ցանկացած գործարարի կամ նորմալ մարդու, նորմալ քաղաքացու կողմից պետք է լուտանքների ենթարկվի, եւ պետք է ցանկացած քաղաքացի նրանից պահանջի եւ նրա նկատմամբ ավելի կոշտ եւ կոպիտ լինի»:

Վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներ, «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Սահմանադրական դատարանի փոխնախագահ Վլադիմիր Հովհաննիսյանը հրաժարական է տվել իր պաշտոնից: Նման քայլի պատճառը «Սահմանադրական դատարանի մասին» նոր օրենքի նկատմամբ ունեցած վերապահումներն են»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG